40-ից 28-ը “Հանրապետական” են
2014թ. մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:
Թվով 53 համայնքներից 40-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Քվեարկության նախնական արդյունքների համաձայն` 40 համայնքներում ընտրված համայնքի ղեկավարներից 8-ն անկուսակցական են, 3-ը “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ են, 1-ը` “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցության եւ 28-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցության:
Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 10-ին` մինչեւ ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ լրատվական ծառայությունը:
Թվով 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ մեկ ներկայացուցչի կողմից ստացել են դիմումներ, որոնք վերաբերում են 11 համայնքներում կայացած ընտրություններին: Բոլոր դիմումներն սահմանված կարգով եւ ժամկետներում կքննարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: