Թուրքիան Ադրբեջանին է վաճառել թեւավոր հրթիռներ
Թուրքիան Ադրբեջանին է վաճառել թուրքական «Roketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրված «SOM-B1» թևավոր հրթիռներ։
Նորաստեղծ այդ հրթիռները Թուրքիայից հետո առաջինը օգտագործելու է Ադրբեջանը։ Դրանք արդեն ցուցադրվել են այսօր՝ հունիսի 26-ին, Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Ադրբեջանի բանակի ստեղծման 100-ամյակին։
Առայժմ այդ հրթիռները կարող են տեղադրվել միայն Ադրբեջանի օդուժի կողմից շահագործվող ռուսական արտադրության «MIG-29» ռազմական ինքնաթիռների վրա։ Աշխատանքերն են իրականացվում այդ հրթիռները «Su-25» և «F-16» ռազմական ինքնաթիռների վրա տեղադրելու համար:
Այդ հրթիռներից յուրաքանչյուրը կշռում է 600 կգ, իսկ խոցելու հեռահարությունը կազմում է 250 կմ։
Հիշեցնենք, որ Բաքվում կայացած զորահանդեսին հրավիրված են եղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին և Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը։
Այդ զորահանդեսին մասնակցեն են Թուրքիայի ցամաքային ուժերի որոշ ստորաբաժանումներ, ինչպես նաև այդ երկրի օդուժին պատկանող «Soloturk» և «Türk Yıldızları» ավիացիոն խմբերը, որոնք ցուցադրական թռիչքներ են իրականանցրել «F-16» կործանիչներով։
Ermenharber