Ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, նույնպես մենք էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ սփյուռք. Նարինե Աղաբալյան
Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց “Հայ-հույն բարեկամության միության” կողմից կազմակերպված, “Հայաստան – Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար” միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ “Հայաստան – Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի” նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:
“Հայ-հույն բարեկամության միությունը” կյանքի է կոչվել ՀՀ Աթենքի դեսպանության հովանավորությամբ:
Հարց- Արցախը հայության, մանավանդ սփյուռքահայության համար հանդիսանում է վերկուսակցական եւ վերհատվածական երեւույթ: Թեեւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության համար Արցախը օգտվում է, Հայաստանի Հանրապետությունը որպես պատուհան, բայց Սփյուռքի հետ հաղորդակցության համար նման հարկադրության տակ չի գտնվում: Ծրագրում եք արդյո՞ք Սփյուռքի հետ ունենալ ուղիղ կապ:
Պատասխան- Սփյուռքում, մի քանի երկրներում Արցախն ունի իր ներկայացուցչությունները` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Ավստրալիա, Գերմանիա, եւ այլն: Արտասահմանում հիմնական կապերը այդ նեկայացուցչությունների միջոցով է:
Կա նաեւ ուղղակի եւ անմիջական կապեր հայկական կազմակերպությունների եւ կառույցներ հետ. օրինակի համար Հայ բարեգործական ընդհանուր միության հետ: Նկատի ունեմ կազմակերպություններ որոնք ներկայացուցչություններ ունեն Արցախում, եւ այդ կազմակերպությունների միջոցով այս տարիների ընթացքում տասնյակ ծրագրեր են իրականացվել:
Հ.- Քաղաքական ներկայացուցչություններից բացի անհրաժեշտ նկատո՞ւմ եք մշակութային գրասենյակներ ունենալ սփյուռքի հայաշատ գաղթօջախներում:
Պ.-Ես չեմ կարծում թե դրա անհրաժեշտությունը կա, որովհետեվ հայկական գաղթօջախներում կան հայկական մշակութային կազմակերպություններ, ցանկության դեպքում միշտ էլ կարելի է համագործակցել: Կարեւորը` լինի ցանկություն եւ նախաձեռնող: Եւ այս տարիների ընթացքում, համենայն դեպս չի եղել մի դեպք, որ որեւե նախաձեռնություն անպատասխան մնա, կամ մենք չընդառաջենք: Պարզապես, որպես կանոն վերջին տարիների փորձից ելնելով դա ավելի ակտիվ է դրսեվորվում այն համայնքներում որտեղ մենք ունենք նեկայացուցչություն: Որովհետեվ այստեղ ավելի հեշտ է կապը եւ նախաձեռնությունները իրականացնել: Մասնավորապես` Ֆրանսիաում մենք ունենք ներկայացուցչություն, որտեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Ինչպես տեղեկացաք` վերջերս բարեկամական կապեր ստորագրեցինք Ֆրանսիայի տարբեր քաղաքներ հետ, որոնք ներառում են կրթական, մշակութային ծրագրեր եւ համագործակցություն: Օրինակ, ֆրանսիական մի թատերախումբ հանդես է եկել առաջարկով, որ պատրաստ է Արցախում ներկայացումներ տալ: Մենք այս տարի ամռանը սպասում ենք ֆրանսիական երգչախմբի, որը պիտի գա Արցախ եւ հանդես գա Շուշիում: Նաեւ միջազգային ճանաչողություն ունեցող դաշնակահարի ենք հյուրընկալելու Արցախում:
Հ.- Արցախ-Սփյուռք առկա հասարակական-մշակութային կապերը ինչպե՞ս եք գնահատում:
Պ.- Ո’չ բավարար: Իրականում ներուժը, հնարավորությունները ավելի մեծ են, քան գործնականում իրականացվում է: Նորից եմ ասում, սրանք ընդամենը կազմակերպչական խնդիրներ են: Բնականաբար Արցախը չի կարող իր միջոցներով կազմակերպել ավելի շատ ծրագրեր եւ միջոցառումներ, ձեռնարկներ իրականացնել: Բայց մենք միշտ պատրաստ ենք կազմակերպչական հարցերում մեր աջակցությունը ցույց տալու, կոնկրետ` Արցախի մշակույթի նախարարությունը, եթե լինեն նման առաջարկություններ: Այսինքն պետք է լինի նախաձեռնություն, որը ակնկալում ենք եւ որը պետք է ակտիվանա: Պետք է ասեմ նաեւ, որ ես հանդիսանում եմ ՀՀ Սփյուռքի նախարարության կից ատյանի անդամ: Եւ մենք պարբերաբար քննարկում ենք ծրագրերը, հաշվետվություններին ենք մասնակցում: Եւ այս տարի նաեւ որոշ առաջարկություններ արեցինք Արցախը մասնակից դարձնելու այդ ծրագրերին: Հռչակագիր պետք է ստորագրենք այդ ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Սփյուռքի նախարարության կողմից եւ որ Արցախը նույպես ներգրավվի այդ ծրագրերում:
Հ.- Արցախում մշակութային փառատոններ են կազմակերպվում. արդյո՞ք արդյունավետ համարում եք, որ ներգրավեք նաև սփյուռքի եւ հայաշատ երկրների արվեստագետներին:
Պ.- Արցախը նաեւ խնդիր ունի ոչ միայն հայերին ներկայանալու եւ ոչ միայն հայերին մասնակից դարձնելու իր մշակութային եւ հասարակական ծրագրներին: Ավելի շատ կարիք կա օտարներին ծանոթացնելու Արցախին, քանի որ այսօր կա Արցախի միջազգային ճանաչման խնդիրը: Արցախը ճանաչված չլինելու պատճառով հնարավորություն չունի պաշտոնապես ներկայանա տարբեր փառատոնների եւ միջազգային մրցույթների, որոնք կազմակերպվում են արտերկրում, դրա համար մենք ունենք մեր փառատոնները, որոնց մասնակից ենք դարձնում ցանկացողներին տարբեր երկրներից: Իհարկե, եթե նրանք համապատասխանում են մեր ներկայացրած պահանջներին:
Մենք ունենք դասական երաժշտության պատանի երաժիշտ կատարողների “Տնջր” միջազգային փառատոնը: Տնջրն Արցախում 2000 ամյա սոսի ծառ է, որը Արցախում մեր ակունքների եւ մնայուն արժեքների յուրօրինակ խորհրդանիշ է: Փառատոնը 2013թ. անցկացվեց երրորդ անգամ, որին մասնակցում էին տասներեք երկրներից երաժիշտներ, որոնցից միայն երկուսն էին հայ:
Ունենք նաեւ Քանդակի միջազգային փառատոն, որը կազմակերպվում է Շուշիում եւ որին նույնպես մասնակցում են տարբեր երկրների քանդակագործներ: Փառատոնում ստեղծված աշխատանքներով նպատակ ունենք Շուշիում ստեղծել քանդակների պուրակ:
Հ.- Գիտենք, որ մանավանդ վերջին տարիներին, մշակութային կյանքը Արցախում վերելք է ապրում: Այս ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել: Թանգարաններ են բացվել Արցախում, եւ նմանատիպ այլ գործունեություն է իրականացվել: Արցախի իրականությունը ներկայացնել աշխարհին` իհարկե ոչ միայն հայ հանրությանը, ինչ նախաձեռնություններ եւ միջոցառումներ են նախատեսվում հրատարակությունների եւ փաստավավերագրական ֆիլմերի տեսքով: Քանի որ բազմալեզու հրատարակությունների եւ վավերագրական ֆիլմերի պակասը շատ է զգացվում:
Պ.- Շատ ճիշտ եք նկատել, իսկապես դա այսօր մեր բացերից է: Թե կինոարվեստը, թե հրատարակչական գործերի եւ աշխատությունների բացը շատ է երեւում: Բայց սա կապված է կոնկրետ հնարավորությունների հետ: Այսինքն` Արցախը իր պետական միջոցներով անում է այնքան, ինչքան որ ի վիճակի է անել: Կոնկրետ ինչ վերաբերվում է փաստավավերագրական ֆիլմերին, արվում են, այսօր էլ պատրաստվում են: Բայց մենք միեւնույն ժամանակ շատ բծախնդիր ենք այս հարցում, որովհետեվ մեզ համար շատ կարեւոր է, որ պատմությունը ճշմարիտ ձեւով ներկայացվի աշխարհին: Եւ դրանով պայմանավորված մերժում ենք տարբեր առաջարկներ, որոնք պարզապես լուրջ չեն եւ որոնցում հավաստի տվյալներ չենք տեսնում:
Որպես կանոն արտասահմանից լինում են առաջարկություններ, որոնք ակնկալում են օգնություն Արցախից: Այդ պատճառով էլ, շատ ժամանակ մեր հնարավորությունների շրջանակում նախընտրում ենք չֆինանսավորել մի բան որը հայտնի չե թե վերջում ինչ է դառնալու: Եթե լինեն լուրջ նախաձեռնություններ եւ առաջարկություններ, մենք իհարկե կօգնենք: Դա շատ կարեւոր է պատմությունը սերունդներին հասցնելու համար, որովհետեւ, այսօր դեռ ողջ է այն սերունդը որը անմիջապես մասնակից են եղել Արցախի գոյապայքարին, եւ շատ կարեւոր է այս սերնդի հուշերը վավերագրել, պահպանել եւ փոխանցել սերունդներին:
Նույնը վերաբերվում է հրատարակություններին: Իհարկե, այսօր Արցախ ներկայացնելու համար, պետք է ամենատարբեր լեզուններով ունենալ քարոզչանյութեր: Մենք մեր միջոցներով չենք կարող դա անել: Այսինքն` արդեն կան պատրաստի նյութեր, եթե ցանկություն լինի դրանք թարգմանել տարբեր լեզուներով եւ հրատարակել, մենք պատրաստ ենք միջնորդել հեղինակների հետ բանակցություններում եւ կազմակերպչական հարցերում օգնել կամ միջնորդել:
Այսօր Արցախը նաեւ մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսների, սակայն շատ սահմանափակ նյութերով: Այդ առումով այն ինչ անում է Ադրբեջանը եւ այն ինչ անում ենք մենք` անհամեմատելի է:
Հ.- վերջում կցանկանայինք լսել ձեր խոսքը ուղղված մեր ընթերցողներին եւ հայրենակիցներին:
Պ.- Այս օրերի ընթացքում մի շարք հանդիպումներ ունեցա եւ որոշակիորեն ծանօթացա հունահայ համայնքի կյանքում կազմակերպվածությանը, նաեւ խնդիրներին: Իհարկե` ինչպես որ դուք եք ակնկալում տեսնել ուժեղ Արցախ, նույպես մենք էլ ակնկալում ենք տեսնել ուժեղ Սփյուռք: Նաեւ նման ակնկալիք ունենք հունահայ համայնքից: Եւ ես ուզում եմ պարզապես հունահայ բոլոր կազմակերպություններից, անկախ իրենց տարաձայնություններին, անկախ իրենց գաղափարական առանձնահատկություններին եւ գործելաոճի առանձնահատկություններին, ունենան միայն մեկ նպատակ` լինել հայրենիքին օգտակար, հայ մնալ եւ այն ինչ բխում է հայրենիքի շահերից, պաշտպան կանգնելու այդ գաղափարին:
Նկարը`
Նախարար Նարինե Աղաբալյանը, “Հայաստան”-ի խմբագիր Դավիթ Այվազյանի հետ