Գյուղացին շատ բերք ստանալու ակնկալիք այս տարի եւս չի ունենա

Երեկ երեկոյան 15 րոպե տեղացած կարկուտը զգալի վնասներ է պատճառել Շիրակի և Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսություններին:
Henaran.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանն ասաց, որ Արարատյան հարթավայրում բերքը լուրջ վնասներ է կրել և կարկուտը գետնին է հավասարեցրել գյուղացու բերքը: Բերբերյանի խոսքով՝ առավել շատ են վնասվել մարզի Աղավնատուն, Արագած, Ամբերդ, Դողս համայնքների ցանքատարածություններն ու այգիները:
«Շիրակի մարզում վնասները համեմատաբար քիչ են, կարկուտը վնասել է Մարմաշենի ցորենի, գարու եւ կարտոֆիլի ցանքատարածությունները»,-հայտնեց նա:
Մեր հարցին՝ ինչո՞ւ չեն կիրառվել հակակարկտային կայանները նման աղետից խուսափելու համար, Բերբերյանն ասաց. «Այդ սարքերը երբեք էլ չեն աշխատել և երբեք էլ իրենց չեն արդարացրել: Հակակարկտային սարքերը ներկրողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ դրանով վնաս է հասցվում ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ պետական բյուջեյին, քանի որ բյուջեից անիմաստ գումարներ են դուրս գրվում»,-նշեց Բերբերյանը:
Վերջինս հավելեց նաև, որ գյուղացին շատ բերք ստանալու ակնկալիք այս տարի եւս չի ունենա. «Բացի ցանքատարածություններից, տեղացած կարկուտը վնասել է նաեւ պտղատու ծառերը»,-ասաց նա: