27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԳՆ խոսնակի ճեպազրույցից

Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Հունիսի 20-ից 21-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Նախատեսված է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը: Պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու ոլորտային նախարարությունների պատասխանատուներ: Այցելության ընթացքում նախարար Մնացականյանը հանդիպումներ կունենա Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչպես նաև Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։ Նախարար Մնացականյանը նաև մի շարք այլ հանդիպումներ կունենա Բրյուսելում, որոնց մասին կտեղեկացնենք:

Հունիսի 22-ին նախարար Մնացականյանը Մինսկում կմասնակցի Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Հունիսի 28-29-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Հայկո Մաասի հրավերով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բեռլին։ Այս այցի ծրագիրը ևս բավական հագեցած է, որի մանրամասներին կծանոթացնենք ավելի ուշ։

Այսօր Երևան են ժամանել ԵԱՀԿ-ում հավատարմագրված 22 երկրների դեսպաններ, ովքեր այս պահին հանդիպում են Հանրապետության վարչապետի հետ: Նախատեսված է հանդիպում նաև արտաքին գործերի նախարարի հետ, Ազգային Ժողովում և հասարակության այլ շերտերի հետ:

Հունիսի 27-ին Երևանում կկայանա Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այս առիթով Հայաստան կժամանեն կառույցի բոլոր անդամ երկրների պատվիրակությունները։

Հունիսի 13-ին Հայաստանը 3 տարով ընտրվել է որպես ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ՝ ստանալով 177 ձայն: Ի դեպ, Հայաստանը ստացել է առավելագույն ձայները։ Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի և հիմնադրամների ու տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ ՏնտՍոցԽորհը ՄԱԿ-ի վեց հիմնական մարմիններից է, որին անդամակցում է 54 երկիր, որոնք ընտրվում են պարբերաբար։ Հայաստանը Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անդամ (առաջին անգամ՝ 2004-2006թթ.): Մեր այս ընտրությունը գնահատում ենք՝ որպես միջազգային հանրության վստահության քվեն, և դրանով վերահաստատում ենք կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և Խորհրդի աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։

News.am. Հարցս վերաբերում է իսրայելական նախարար Ցախի Հանեգբիին, ով Հայաստան ժամանելուց բավական հավասարակշիռ դիրքորոշում էր հայտնել: Իսկ վերջերս՝ ադրբեջանական պատվիրակության հետ զրույցում, հակահայկական արտահայտություններ էր արել: Ինչ որ բա՞ն է փոխվել, թե՞ ինչ որ բան են փոխել:

Տիգրան Բալայան. Անկեղծ ասած՝ մենք, մեր միջազագային գործընկերներն արդեն հոգնել ենք ադրբեջանական մամուլում մերթընդմերթ հայտնվող ապատեղեկատվությունից կամ այլ գործիչներին վերագրվող հայտարարություններից, նաև դրանք հերքելուց ենք հոգնել: Կոնկրետ Ձեր նշած փաստի առնչությամբ նշեմ, իհարկե, մենք իսրայելական կողմի հետ կապվել ենք, և մեզ ամենաբարձր մակարդակով վստահեցրել են, որ նման հայտարարություն չէր կարող արվել և չի արվել: Սա մոտավորապես այն շարքից է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ սահմանին 11,000հա տարածք է իր վերահսկողության տակ վերցրել: Եթե չեմ սխալվում, սա haqqin.az կայքի գլխավոր խմբագրի տարածած տեղեկատվությունն է: Արդեն ներկայացնելու կարիք չկա. տեղեկատվության հեղինակի անունն արդեն խոսուն է:

tert.am. ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանում էր վերջերս, քննարկման ժամանակ ասվել է, որ խոսակցություն եղել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին, այնուամենայնիվ, մանրամասներ չեն հաղորդվել, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչ-որ կարծիք ինչ-որ դիտարկում այս մասին ասել է:

Տիգրան Բալայան. Հրապարակային մասով քննարկումները, որոնք ունեցել են համանախագահները Երևանում, այն բոլոր պաշտոնական հանդիպումները, որոնք նրանք անցկացրել են, ներկայացված են համապատասխան հաղորդագրություններում՝ և՛ բովանդակությունը, և՛, եթե որևէ պայմանավորվածություն կա, այդ պայմանավորվածությունները: Այս պահի դրությամբ հավելյալ տեղեկատվություն համանախագահների հետ հանդիպման բովանդակությունից չեմ կարող հայտնել:

Ազատություն. Պարո՛ն Բալայան, թեև նշում եք, որ հավելյալ տեղեկություն հայտնել չեք կարող, այնուամենայնիվ արտգործնախարարն Ազգային Ժողովում ճեպազրույցի ընթացքում հաստատեց, որ Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեմային անդրադարձ եղել է: Դրան ոչինչ ավելացնել չե՞ք կարող, և Դուք էլ Ձեր կողմից կարող եք վերահաստատել, թե, այո՛, թեմային Հայաստանում անդրադարձել են, թեև պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին չի նշվում:

Եվ երկրորդ հարցս, եթե կարելի է, միանգամից հնչեցնեմ: Ձեր կարծիքով հնարավոր է Հայաստանի միջազգային վարկանիշի, հեղինակության վրա որևէ ազդեցություն ունենալ այն, որ հայտնաբերվում է, որ Հայաստանում բանակին ուղարկված նվիրաբերությունները գեներալի կողմից յուրացվել են: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Կարգավիճակի հետ կապված նշեմ, որ երբ ասում եմ, որ հրապարակային ասված տեղեկատվությանը հավելելու բան չունեմ, դա նշանակում է, որ արտգործնախարարը նաև Ազգային ժողովում հավելյալ տեղեկատվություն է տվել, պարոն Աշոտյանն էր հարցադրումն ուղղել: Հենց դրան է վերաբերում, որ այն հրապարակային տեղեկատվությանը, որ տվել է, հավելելու ոչինչ այս պահին չունեմ:

Ինչ վերաբերում է կարգավիճակի հետ կապված քննարկումներին, հաղորդագրության մեջ էլ հենց նման շեշտադրումներ եղել են, որ մեզ համար գերակա խնդիրներն Արցախի կարգավիճակը և նրա ժողովրդի անվտանգությունն է։ Հաղորդագրությունում նման ձևակերպումներ կան։ Նախարար Մնացականյանն արդեն Ազգային Ժողովում է ավելի լայն բացել հանրության համար դրա իմաստը։

Ինչ վերաբերում է միջազգային վարկանշի վրա ազդեցությանը, ապա կարծում եմ, որ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա միայն դրական կարող է անդրադառնալ, որ կոռուպցիան բացահայտվում է, և մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում: Դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ մեր միջազգային վարկանշի վրա:

Արմենպրես. Պարո՛ն Բալայան, Ադրբեջանը և՛ հայկական սահմանի հատվածում, և՛ Ղարաբաղի հետ շփման գծում տեխնիկայի կուտակումներ է իրականացնում: Սոցիալական ցանցերում մարդիկ մտածում են, որ սա նոր պատերազմի վտանգ է իրենից ներկայացնում: Ցանկանում եմ հասկանալ՝ դիվանագիտական ասպարեզում Հայաստանն ի՞նչ է անում այս մասին բարձրաձայնելու և գուցե կանխարգելելու համար: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Հենց Ձեր հարցի մեջ արդեն հնչեց պատասխանը, որ, այո՛, դիվանագիտական ծառայության, Հայաստանի արտաքին քաղաքականության, դիվանագիտության առջև դրված խնդիրներից է հենց միջազգային հանրությանը տեղեկացնել այդ կուտակումների մասին և այդ միջոցով գուցե կանխարգելել հնարավոր սրումը: Այս պահի դրությամբ, վերջին զրույցը, որ Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ ունեցել ենք, մոտ կես ժամ առաջ էր: Գիտեք, որ երեկ երեկոյան և այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցներով «Նախիջևանի 11000հա»-ի պատմության ոգով տեղեկություն էր տարածվել, թե լուրջ մարտեր են գնում, զոհեր կան, հարձակում է պլանավորվում և այլն: Այդ ամենը կեղծիք է: Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում հանրությանը: Խնդրում եմ հիմնվել միայն մեր Պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության վրա, որն այս տարիների ընթացքում որևիցե կասկածի տեղիք չի տվել:

Լրաբեր. Պարո՛ն Բալայան, խոսքս Գևորգ Կոստանյանի հրաժարականի մասին է: Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչ պաշտոնից հրաժարականի մասին էր խոսքը, ինչպես է արտգործնախարարությունը գնահատում նրա 14 տարվա աշխատանքը: Եվ Ադրբեջանին դատի տալու հետ կապված տեղեկատվություն կար ՄԻԵԴ-ում: Արդյո՞ք դա շարունակվելու է: Շնորհակալություն:

Տիգրան Բալայան. Սկսենք Գևորգ Կոստանյանի հրաժարականից: Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ Գևորգ Կոստանյանը նաև Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է: Դա իրականությանը չի համապատասխանում: Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավարը Հայաստանի Հանրապետության արտգործնախարարն է, ում բացակայության պարագայում լիազորվում է դեսպանը կամ համապատասխան փոխնախարարը: Դա կեղծիք է, նման բան չկա:

Գևորգ Կոստանյանի գործունեությանը գնահատական տալուց ձեռնպահ կմնամ, որովհետև արդյունքներով է պետք դատել, գնահատականներ տալ: Պարոն Կոստանյանի 14 տարվա գործունեության արդյունքները հայտնի են:

Եվ մի հարց էլ կար դատի տալու հետ կապված. անդամակցության դադարեցման գործընթացը մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Դա երկարատև գործընթաց է, որը տեսականորեն կարող է բերել Եվրոպայի խորհրդում որևէ երկրի անդամակցության դադարեցմանը կամ կասեցմանը: Դրա նախաձեռնողը հայկական կողմը չէ, դրա նախաձեռնողը Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարն է՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար և շարունականաբար, տարիներ ի վեր Եվրախորհրդի պարտավորությունները խախտելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարելու պատճառով:

tert.am. Երկու հարց ունեմ: Առաջինը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության հետ: Այս անգամ հայտարարության մեջ չհիշատակվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Եվ երկրորդ հարցը. շատ քննարկվեց Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզների» վաճառքի հարցը: Դուք էլ այս մասին հայտարարություն արեցիք: Բայց ինձ հետաքրքիր է՝ Բելառուսից որևէ արձագանք Դուք ստացե՞լ եք, և եթե այո, ապա ո՞րն էր դա:

Տիգրան Բալայան. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում բանակցությունների իրականացումը և՛ մեր, և՛ համանախագահների օրակարգում է, և այդ մասին խոսվել է հրապարակավ: Երբ մենք ասում ենք, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան խաղաղ գործընթացի առաջընթացը, հենց դա ի նկատի ունենք. այն պայմանները, որոնց ժամանակ չեն կրակում, որոնց ժամանակ ուժի կիրառման վտանգ չկա, որը թույլ է տալիս, ստեղծում է համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Վիեննան, Սանկտ Պետերբուրգը և Ժնևը հենց այդ մասին են խոսում: Չեմ մանրամասնի, բոլորդ տեղյակ եք, թե ինչի մասին է խոսքը, ձևակերպումները երևի ինձնից էլ լավ եք հիշում:

Երկրորդ հարցը՝ կապված «Պոլոնեզների» հետ: Այդ կապակցությամբ, տեղյակ եք՝ և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային աշխատանքներ են տարվում բելառուսական կողմի հետ: Այն արձագանքները, որ մենք բելառուսական կողմից ստացել ենք մինչ օրս, մեզ չեն բավարարում:

ԱՐ հեռուստաընկերություն․ Բելառուսում մեր դեսպանի աշխատանքի հետ կապված որևէ արդյունք կա՞։

Տիգրան Բալայան. Դա համակարգային գործընթաց է՝ տարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում: Դուք տեղյակ եք նաև, որ մեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել Բելառուսի դեսպանին Հայաստանում և խնդրել է իր գործընկերոջը փոխանցել մեր խորին մտահոգությունը։ Այդ ուղերձները փոխանցվել են նաև բելառուսական իշխանություններին տարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում։ Եվ նորից կրկնեմ. այս պահի դրությամբ այն արձագանքը, որ մենք ստացել ենք բելառուսական կողմից, մեզ չի բավարարում:

Արմենպրես. Հարցիս շարունակությունն է կամ հավելումն է: Ադրբեջանն իր այդ քայլերն անում է այն ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահներն են տարածաշրջանում լինում: Այս մասով ո՞րոնք են մեր մոտեցումները:

Տիգրան Բալայան. Մեր մոտեցումները հրապարակային են: Մենք նաև հատուկ մեկնաբանություն տվեցինք՝ կապված Արցախում զինվորի սպանության հետ, որ Մինսկի խմբի համանախագահների այցելության նախօրեին սադրանքը, որի հետևանքով Արցախի պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել, ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքն իր հանձնառությունների և, առաջին հերթին, համանախագահ երկրների և համանախագահության ինստիտուտի հանդեպ:

panorama․am. Պարո՛ն Բալայան, ցանկանում եմ հարցնել՝ արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է դիվանագիտական կորպուսի փոփոխության գործընթաց, որոշ դեսպանների հետկանչ։ Այդ առումով կցանկանայի տեղեկատվություն ստանալ։

Տիգրան Բալայան․ Մի տեխնիկական հարց պարզաբանեմ․ դիվանագիտական կորպուսը այստեղ հավատարմագրված դիվանագիտական կորպուսն է։ Մեր դեսպանները դրսում դիվանագիտական կորպուս չեն: Դիվանագիտական կորպուսը տվյալ երկրում, օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները դիվանագիտական կորպուսն են։ Մեր դեսպանները, ներկայացուցչությունների ղեկավարներն արտերկրում մեր դիվանագիտական ծառայության ստորաբաժանումների ղեկավարներն են։ Միշտ շփոթմունք է առաջանում, իսկ միջազգային իրավունքը հստակ սահմանում է տալիս, թե ինչը կարող է կորպուս համարվել, ինչը՝ ոչ։

Ինչ վերաբերում է փոփոխություններին, ես այս հարցին, կարծեմ, բոլոր ճեպազրույցներին, հեռախոսով և էլեկտրոնային միջոցներով պատասխանել եմ, որ, այո՛, փոփոխություններ նախատեսվում են: Դա մեր համակարգում մշտական գործընթաց է՝ դեսպանների փոփոխությունները, դիվանագետների ռոտացիան, վարչության պետերի և նախարարի տեղակալների փոփոխությունները: Փոփոխություններ նախատեսվում են, բայց մինչև նախագահի հրամանագրի հրապարակումը՝ ինչ-որ մի դեսպանին հետ կանչելու կամ այլ դեսպան նշանակելու մասին, լայն հրապարակային քննարկումը ընդունված չէ միջազգային հարաբերություններում: Նաև կարծում եմ, որ կոռեկտ չէ պաշտոնավարող կամ այն դեսպանների հանդեպ, ովքեր պատրաստվում են մեկնել երկարատև գործուղման՝ որպես Հայաստանի դեսպան՝ ներկայացնելու իրենց երկիրը տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում։

Արմենպրես. Նախարարների հանդիպման ժամկետներ հստակեցվե՞լ են։

Տիգրան Բալայան. Նախարարների հանդիպման ժամկետներ դեռ հստակեցված չեն։ Եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, մենք անշուշտ նախօրոք Ձեզ կտեղեկացնենք այդ մասին՝ և՛ վայրի, և՛ ժամկետների մասին։ Այս պահի դրությամբ, արտգործնախարարների հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա։

tert.am. Պարո՛ն Բալայան, հետաքրքիր է արտգործնախարարության կարծիքը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ, որ բանակցություններին պետք է մասնակցի նախագահը։

Տիգրան Բալայան. Ես, կարծես թե, հենց Ձեր լրատվամիջոցին մեկնաբանություն տվել եմ, բայց կկրկնեմ այստեղ։ Պարոն Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել ոչ այդքան ճիշտ ձևակերպված հարցին: Այդ հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում նախատեսվում է, թե ոչ, պարոն Պեսկովն ասել է, որ ոչ, քանի որ ՀՀ նախագահը Մոսկվայում չէ։ Այսինքն լրագրողի ձևակերպած հարցը եղել է ոչ այդքան ճիշտ, քանի որ լրագրողն ըստ երևույթին չի տիրապետել, որ Հայաստանի անունից բանակցում է վարչապետը, ոչ թե նախագահը։ Բայց հաջորդ օրվա ճեպազրույցին պարոն Պեսկովը նաև անդրադարձել է հենց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպմանը և ասել է, որ հանդիպման ժամկետների վերաբերյալ ինքը տեղեկություն չունի, եղել է պարզապես Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից կազմակերպված ծանոթություն Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի միջև, որի մասին մեր վարչապետը հենց ինքն առաջինը հայտնեց Մոսկվայից։ Շնորհակալություն։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ