Դոն Պիպոյի «դուխը». Սերժի հետ, առանց Սերժի
Խառը քաղաքական ժամանակներում իսկապես որ շատ բան է խճճվում: Ոչինչ որ քաղաքական սրբագրումներ են տեղի ունենում. ոմանք հեռանում են իշխանությունից, ուրիշները՝ գալիս են իշխանության: Քաղաքագիտական նոնսենս այստեղ չկա: Այլ բան է, որ քաղաքական սրբագրումներն այդքան էլ չեն սրբագրում նոր իրողությունները՝ ստվերելով դրանց սկզբնական ազնիվ պայքարի բովանդակությունը եւ իշխանական օթյակներում հայտնվում են կասկածելի կենսագրությամբ եւ հին համակարգի հագով անձինք: Բայց սա այլ պատմություն է:
Այսօր խոսենք նոնսենսների մասին, որքան էլ որ խառը ժամանակներում թացն ու չորը խառնվել են իրար: Ինչո՞ւ է ոմանց թվում, թե իրենք շատ ավելի խելոք են, քան շարքային քաղաքացին. հետո ի՞նչ որ շարքային քաղաքացին իրենց պես շատ փող ու թիկնապահներ չունի:
Հայտնի հեղինակություն Դոն Պիպոն այսօր բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, որտեղ մեղադրանքներ է ներկայացնում նախկին իշխանությունների հասցեին, նաեւ նշում, որ այսօր ինքը և Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ, վստահելով հենց այդ հաղթանակած ժողովրդի կողմից ընտրված վարչապետին և կառավարությանը, պատրաստ ենք ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում, որպեսզի մեր հայրենակցին` հաղթանակած հային արժանի և ապրելու համար ավելի բարեկարգ պայմաններ ստեղծենք:
Սակայն այսօր, պարոն վարչապետ, դեռևս մեր երկրում, ու հատկապես Էջմիածնում տիրում է անպատժելիության ու անարդարության մթնոլորտը: Ասել, թե անվադող ծակելը, «սիլլով բերնին տալը», մարդկանց ծեծելը և մի ամբողջ քաղաք վախի մթնոլորտում պահելն անօրինական է, նշանակում է ոչինչ չասել: Կարծում եմ` այստեղ կարիք չկա նույնիսկ թվարկելու բոլոր այն բռնությունները, որոնք կատարվել են համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում անցած երկու տասնամյակների ընթացքում:
Իշխանական լծակներ օգտագործելով դղյակներ կառուցելը, մարդկանց բիզնեսներին ստիպողաբար «փայ մտնելը», ժողովրդին մերոնքականների և թշնամիների բաժանելը, պետության մեջ սեփական պետություն ստեղծելն ու նմանատիպ արատավոր այլ երևույթներ էջմիածնեցիների մոտ այնպիսի սարսափ էր տարածել, որ անգամ հեղափոխության օրերին Էջմիածնից դեպի Երևան քայլող դուխով մարդկանց երթը զարմացրել էր շատերին: Բայց, ինչպես հաճախ Դուք եք նշում, երկրում իրավիճակ փոխվեց»,- նշվում է Դոն Պիպոյի բաց նամակում:
Ընդամենը մեկ տարի առաջ այդ նույն Պիպոն տեսաուղերձով քիչ էր մնում երդվեր՝ էջմիածնեցիներին համոզելու, որ իրենց քվեն տան «գլավնակամանդույուշչի» Սերժ Սարգսյանի թեկնածու Կարեն Կարապետյանին: Այսօր բողոքի ակցիաներ իրականացնողները մեկ տարի առաջ կանգնած էին Հանրապետական կուսակցության թիկունքին՝ ոչ պակաս բարձրագոչ խոստումներով՝ հայրենիքը շենացնելու եւ ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին: Նրանք հայտարարում էին, որ վստահում են գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին:
Դոն Պիպոն իր համաքաղաքացիներին ասում էր, թե ինքն ու իր ընկերները իրենց հույսը կապում են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որ ժամանակը եկել է վտսահելու, որ մեկ տարի հետո կնայի բոլորի աչքերին եւ բոլորը կտեսնեն՝ իր խոսքերի ճշմարտացիության ապացույցները:
Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որտեղ 8-րդ րոպեից Դոն Պիպոն կոչ է անում էջմիածնեցիներին ընտրել ՀՀԿ-ին: