Կենդանաբանական այգու աշխատակիցները հետազոտվել են
Առողջապահության նախարարությունը ուսումնասիրություն է կատարում պարզելու կենդանաբանական այգում տարեսկզբին տարածված տուբերկուլյոզի արդյունքում մարդկանց վարակվելու վտանգը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հունվար-փետրվարից հետո այգում տուբերկուլյոզի դեպք չի արձանագրվել: «Մարդկանց վարակվելու վտանգի հետ կապված ուսումնասիրությունը վերջնական փուլում է: Կենդանաբանական այգու աշխատակիցները հետազոտվել են»,-ասել է նախարարը, վստահեցնելով, որ ուսումնասիրությունների հետ կապված իր ղեկավարած գերատեսչությունն այսօր հայտարարություն կանի:
ԱՆ-ն հունիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում էր ծնողներին ՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս:
Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն:
Նախարարությունից չեն բացառել վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:
Կենդանաբանական այգում հունվար-փետրվար ամիսներին տուբերկուլյոզ հիվանդության պատճառով անկել են 4 տեսակի կենդանիներ: Կենդանաբանական այգուց վստահեցնում են, որ այդ ժամանակահատվածում այգին փակ է եղել այցելուների համար: