18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Այ թափթփուկ, պատերազմի տարիներին դու քանի՞ շաբաթ ես զենք բռնել. հրամանատարը՝ Սուրեն Սարգսյանին

Հայաստանյան լրատվամիջոցներում 2013 թվականի հուլիսից աստիճանաբար հառնեց “Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի՚”անդամ, ընդդիմադիր լրատվամիջոցների լավ բարեկամ Սուրեն Սարգսյանի անդիմագիծ կերպարը, որը շատ արագ առանձնացավ փոքրիշատե վարժ խոսելով հանդերձ, իրականում որևէ լուրջ միտք չհայտնելու ունակությամբ, Հայաստանի արմատական ընդդիմությունից ավելի արմատական երևալու ձգտումով, ՀՀ Նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարությանը և Երկրապահ կամավորականների միությանն ուղղած հայհոյախառն խոսքերով:

Ես անցել եմ ողջ պատերազմը, ընդ որում, որպես հրամանատար, ավելի ճիշտ` ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետև` Պաշտպանության բանակի հրամանատարների առաջին սերնդից եմ: Ապա մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել Պաշտպանության բանակի ամենախոշոր զորամասերը: Դժվար ճակատագիր էր, բայց չեմ բողոքում: Եթե կենսագրությունս ու անցած մարտական ուղիս անգամ ամենահակիրճ կերպով ներկայացնեմ, գուցե ընթերցողը բողոքի նյութի մեծությունից:

Դրա համար էլ չեմ ներկայացնում, ու կարիք էլ չկա, որովհետև ոչ միայն ազատամարտիկներն ու սպաները, այլև հազարավոր զինվորներ, ում հրամանատարն եմ եղել, լավ գիտեն և իմ անունը, և ինձ: Բայց փոխարենը, ես Սուրեն Սարգսյանին չգիտեի, ու անցած ողջ ամիսների ընթացքում սպասում էի, որ նա, կամ էլ այդ ՙԽորհուրդը՚ տարրական քաղաքավարություն և կամ էլ որևէ լրագրող մասնագիտական պարտքի նույնքան տարրական գիտակցում կունենա` ներկայացնելու “Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի” անդամի կենսագրությունն ու կհասկանամ, թե ով է հրապարակի հարթակից նման ՙբոցաշունչ՚ ելույթներ ունենում:

Բայց քանի որ դա չեղավ, փորձեցի ինքս պարզել: Փորձեցի, ու փոշմանեցի արածիս համար… Բանից պարզվեց, որ մարդը եղել է հեռուստալրագրող, գրել “Մենք” վերնագրով մի գիրք, որից հետո սկսել է իր համար “Վանաձորի Սուրեն՚” վերնագրով կենսագրություն գրել: Այլ հարց, որ ոչ Վանաձորի, ոչ էլ որևէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել ևս` ՙդաշտային հրամանատարի՚ չեն ճանաչում:

Եվ ընդհանրապես` ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատը և պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը որևէ տեղեկություն չունեն հայ ազգի այդ պաշտպանից: Որտեղից ունենան, եթե ՀԱԲ-ի ռազմական խորհրդի նախագահ Հովիկ Վասիլյանը 1990-ին նրան, որպես երիտասարդ լրագրողի, իր հետ մեկ անգամ տարել էր Նոյեմբերյան, ապա սա 1992-ի հունիսին եղել է ՀՅԴ Շուշիի վաշտի կազմում, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ որոշ լուրերի, կրկնում եմ, ըստ որոշ լուրերի` Հադրութում: Ընդամենը` այդքանը:

Դրա համար էլ նրա խոսքը ոչ մի կերպ չի նմանվում կամավորականների երբեմն մի քիչ խենթ ու խելառ, երբեմն էլ կոլորիտային խոսքին, դրա համար էլ պատերազմը չի արձագանքում նրա հոգում ու մտքում և նա, ունենալով մեծ քանակությամբ հրապարակային ելույթներ, որևէ դեպքի կամ երևույթի վերաբերյալ չի կարողանում անցկացնել պատերազմական գոնե մեկ զուգահեռ, չի անդրադառնում պատերազմական գեթ մեկ հիշողության, որովհետև չունի:

Դրա համար էլ, նրա անցկացրած զուգահեռը իրենց բակում ապրող քյոսա Կորյունն է, ումից հայրն էլ էր գանգատվում, թե ինչ մասնագիտություն սովորեցրի, ընդամենը շուն պահող դարձավ: Այստեղ են ասել` կեցությունն է որոշում գիտակցությունը: Մարդը քյոսա Կորյունի շրջապատից է, նրանից էլ օրինակ է բերում:

Ընդամենը, լինելով լրագրող, և ի տարբերություն ՙԽորհրդի՚ մյուս անդամների, ունենալով բանավոր խոսքի հղկվածություն ու իր նախկին կոլեգաների` լրագրողների հետ շփվելու հմտություններ, սրան ՙԽորհրդում՚ ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց: Սա է Սուրեն Սարգսյանը, ով իսկապես անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ոչ ավել, ոչ պակաս` “դաշտային հրամանատար”, այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով:

Այ թափթփուկ, քեզ հարց եմ տալիս. պատերազմի տարիներին դու քանի շաբաթ ես զենք բռնել, որ հիմա “հակահարված” կամ “զենք կիրառել” բառերն ես արտասանում: Շուրջբոլորդ պայթող ռումբերի միջով ում ես գրոհի տարել, քո որոշումներով քանի մարտիկի կյանքի ու դիրքը պահել կարողանալու պատասխանատվություն ես ստանձնել, որ այսօր քեզ հրամանատար ես անվանում:

Արցախի ավերվող գյուղերում քանի բնակչի կյանք ես փրկել, որ այսօր սահմանամերձ գյուղերի դատարկումից ես խոսում, ու բնակչությանն ինչ որ “տասնապատիկ պատասխաններ տալո՚” կոչեր ես անում: Պատերազմի տարիներին քանի եկեղեցի թշնամուն չթողնելու համար ռազմագիտական տեսանկյունից անբարենպաստ դիրքերում պաշտպանություն ես կազմակերպել, որ այսօր ՙեկեղեցիների եվրանորոգումից՚ ես խոսում:

Դու քո չունեցած կենսագրության ու “Վանաձորի Սուրենի” մասին հորինածդ ստի ձեռքն ես կրակն ընկել, այդ “Խորհուրդն” էլ` քո ձեռքը, որովհետև նրա անդամների ակամա համաձայնությամբ, օգտվելով ՙԽորհրդի՚ չունեցած վարկը և ձեր անիմաստ խոսքի պաթոսը պահպանելու անհրաժեշտությունից, սկսել ես հանդես գալ որպես ազատամարտիկ, ապա աննկատ կերպով դարձել ես ՙդաշտային հրամանատար”:

Ու ձեր այդ ՙԽորհրդում՚ ստիպված լռում են այդ մասին, ամեն կերպ շրջանցում քո չունեցած մարտական ուղին ներկայացնելու խնդիրը, ինչն ի դեպ, խոսում է ձեր բարոյական նկարագրի, ավելի ճիշտ նրա բացակայության մասին:

Ու հիմա, որպես ջրի երեսին մնալու, լրագրողների ու հանրության կողմից քո նկատմամբ հետաքրքրությունը և “ազատամարտիկների խնդիրներով մտահոգ գործչի” կեղծ համարումը պահպանելու միակ ելք, դու ցանկացած երևույթի ու իրադարձության անդրադառնալիս խոսքդ կառուցում ես միայն հանրապետության Նախագահին հասցվող անձնական վիրավորանքների վրա: Որովհետև ոչ միայն մարտական կենսագրություն, անգամ լրագրողի վերլուծական ունակություններ չունես:

Այլապես գոնե մեկը մարտական գործողությունների գոտում քո պատրաստած մի քանի տեսանյութ կհիշեր: Գողության մասին գողն է ամենից բարձր գոռում, որ իրեն չկասկածեն: Նույն կերպ էլ դու ես գոռում, թե պատերազմի տարիներին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը պատերազմի հետ կապ չի ունեցել, որովհետև ինքդ կապ չունեցար պատերազմի հետ:

Բարոյականությունից բոլորից շատ ու բոլորից բարձր մարմնավաճառն է խոսում: Նույն կերպ էլ դու Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում երկրապահ չես տեսնում, դրա համար ես ատում Հայրենիք պաշտպանած, իսկ խառնակ ժամանակներում նրա կայունությունը պահպանած երկրապահին, որովհետև երկիր պահելու ուժ ու կամք քո մեջ գուցե որոնել, բայց չես գտել:

Ես երբեք չէի իջնի անձնական վիրավորանք հասցնելու մակարդակին, բայց ի տարբերություն քեզ, ես բարոյականություն ունեմ, ու դարձյալ ի տարբերություն քեզ` պատերազմում կիրառված բոլոր զինատեսակների հարվածներին դիմացած բարոյականություն, և չեմ կարող լուռ մնալ, երբ ողջ պատերազմի ընթացքում մի ամսով Արցախում հայտնված ինչ-որ մեկն իրեն հրամանատար է անվանում, բայց պարզվում է, որ պատերազմի ժամանակ ոչ գերագույն գլխավոր հրամանատարի հրաման է կատարել, ոչ էլ պաշտպանության նախարարի:

Որովհետև, հրաման կատարելու համար նախ և առաջ պետք էր պատերազմում լինել: Եթե այնտեղ լինեիր, Սերժ Սարգսյանին կճանաչեիր: Ու քո բոլոր ստերի կողքին միակ ճիշտն այն է, որ դու ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար իսկապես չես ճանաչել, ու չես էլ տեսել:

Ու եթե ավելի անկեղծ խոսենք, վերը քեզ իմ ասածը ոչ թե վիրավորանք է, այլ պարզ, անկողմնակալ գնահատական: Տանձ ասելիս բերանը չի քաղցրանում, նույն կերպ էլ` մարդն իրեն ՙԱզատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի՚ անդամ հայտարարելով, պատերազմի մասնակից չի դառնում, ինչպես և երբեք բոշան փաշա չի դառնում:

Եվ ի վերջո, ինքս էլ լրագրողական կառույցի ղեկավար եմ ու լրագրողներից մի բան եմ խնդրում. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին “ճանապարհ դնող՚” նրան Արցախում չճանաչած, ԵԿՄ-ում երկրապահ չգտնող Սուրեն Սարգսյանին տեսնելիս հարցրեք, թե պատերազմի տարիներին ճակատի գծում նա երբ և որտեղ է եղել, իր աջ ու ձախ կողմերում ովքեր են եղել, ապա նրանցից հարցրեք  “Վանաձորի Սուրենի” մասին:

Հոդված հաստատ չի ստացվի, որովհետև հոդվածի համար նյութ է պետք, ինչպես պատերազմ մեկնելու ու հրամանատար դառնալու համար` մարդկային բոլորովին այլ որակներ են պետք: Ուղղակի այդ որակներն ամեն մեկը չէ, որ ունի:

ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ