26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեխնիկական փոփոխությունները չեն նշանակում ռազմավարական փոփոխություններ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչները  թեեւ  ներգրավված չեն եղել, բայց հարցը մշտապես եղել է հայկական կողմի օրակարգում:  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով  բանակցություններին Արցախի իշխանությունների մասնակցության խնդրին, կարծիք հայտնեց  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Քաղաքագետի խոսքով,  Արցախի գործոնը մշտապես հաշվի է առնվել:  Մասնավորապես, ըստ քաղաքագետի, այն հանգամանքը, որ ՀՀ նախագահը բանակցութունները վարում էր ՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի դիրքորոշումը, այլեւ Արցախի դիրքորոշումը, հենց դրա վկայությունն է: Այն, որ ԵԱՀԿ  ՄԽ համանախագահները տարածաշրջան կատարած այցելությունների ժամանակ նաեւ  Ստեփանակերտ են այցելում, Ալեքսանդր Մարկարովի խոսքով, եւս  անուղղակիորեն ցույց է տալիս, որ Արցախը հանդես է եկել որպես շահառու այս գործընթացում, այսինքն՝ անուղղակիորեն ներգրավված է եղել եթե ոչ բանակցություններում,  ապա կոնսուլտացիաներում: Մարկարովի խոսքով, նոր իշխանություների պարագայում որոշ իմաստով այս ընկալումը փոխվեց եւ խոսք գնաց  Արցախի անմիջական մասնակցության մասին:

 «Եթե մենք նախկինում ասում էինք , որ բանակցային գործընթացի ընթացքում ձեռք բերվող հնարավոր պայմանավորվածությունները այնքանով են մեզ համար ընդունելի, որքանով ընդունելի են Արցախի համար, այսօր, ըստ էության, մոտեցումը ենթադրում է  ոչ միայն պոտենցիալ կոնսուլտացիաները, այլեւ  բանակցություններին Արցախի անմիջական ներգրավվածությունը : Այդ դիրքորոշումը հասկանալի է, տրամաբանական է, սակայն խնդիրը կայանում է նրանում, թե որքանով է դա իրագործելի եւ իրատեսական: Նույն Ադրբեջանը չի դիտարկում դա որպես հնարավոր քայլ իր համար: Այսօր երկու երկրների միջեւ տեղի ունեցող բանակցային գործընթացը այլընտրանք չունի, իսկ այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը բնակնաբար,  այն ցանկալի տարբերակը չէ, որը մենք ուզում ենք»,-Henaran.am-ին ասաց  Ալեքսանդր Մարկարովը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրակարգում առանցքային է համարում բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը:

Ալեքսանդր Մարկարովի խոսքով, վարչապետի հայտարարությունը Արցախի ներգրավվածության ձեւաչափերը քննարկելուն  եւ ավելի կենդանի դարձնելուն ուղղված հայտարարություն էր, բայց առայժմ այդ կապակցությամբ  որեւէ դրական արձագանք  չունենք ոչ միայն  ադրբեջանական կողմից , այլեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից. 

«Մենք չենք տեսնում նաեւ պատրաստակամություն ՄԽ-ի կողմից՝ ներկայացնելու ինչ-որ ձեւաչափ, որտեղ հնարավոր կլինի ապահովել Արցախի ներկայացուցչի անմիջական ներգրավվածությունը , բայց միջնորդավորված եւ կոնսուլտացիաների ձեւով այդ ներգրավվածությունը եղել է եւ չէր կարող չլինել: Մենք տեսանք ռուսաստանյան արձագանքը,  որը ըստ էության, այն է, որ նրանք պատրաստ են այդ տարբերակին, եթե այն ներառում է ադրբեջանական կողմի համաձայնությունը, բայց հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը,  դա քիչ հավանական է»:

Ըստ քաղաքագետի, հայկական դիրքորոշման տեխնիկական փոփոխությունները չեն նշանակում ռազմավարական փոփոխություններ: Մարկարովի խոսքով, բանակցային գործընթացի կարեւոր հարցերից մեկը Արցախի ներգրավվածությունից  բացի, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու վստահության մթնոլորտի ամրապնդումն է, մինչդեռ այս ուղղությամբ  էլ  տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն բարի կամք չի դրսեւորում, այլեւ հակառակը:   

 Խոսելով ընդհանրապես բանակցային գործընթացից, քաղաքագետն ընդգծեց. «Կարեւոր է, որ այն շարունակվի եւ ստանա այն արդյունքը, ինչին սպասում ենք 20 տարուց ավելի,  այսինքն՝ դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը դառնա դե յուրե»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ