Ավելորդ հուզականությամբ մի միջամտեք իրավապահ մարմինների աշխատանքին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Յունիգրաֆ-Իքս» ընկերության դեմ հարուցված քրեական գործին՝ շեշտելով, որ այն որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածվել է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ շների ստերջացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» ընկերության գործունեության դեմ եղած բողոքները հաշվի առնելով:
Քանի որ Երևանի քաղաքապետարանը տվյալ ընկերության հետ ունի որոշակի պայմանագրային հարաբերություններ, ակտիվիստը մեկնաբանել է դա իբրև Երևանի քաղաքապետի դեմ քրեական գործի հարուցում, ինչը բացարձակ ապատեղեկատվություն է:
Ինչպես մայիսի 24-ին արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանելու, մեկ անգամ ևս շեշտեմ, որ թափառող կենդանինների վնասազերծման (ստերելիզացիայի) ծառայությունների ձեռք բերումը իրականացվել է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով-մրցույթով՝ բաց ընթացակարգով: Ծառայությունների համար կնքված պայմանագիրն էլ հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Վերոնշյալը հաշվի առնելով հորդորում եմ զերծ մնալ անհարկի շահարկումներից և ավելորդ հուզականությամբ չմիջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացին»: