Նոր կառավարությունը պետք է սկսի փոխհատուցման քաղաքականություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետի Մովսես Արիստակեսյանը նոր կառավարության առաջարկած ծրագիրը բավականին խոստումնալից համարեց:
« Կառավարության ծրագրում հիմնավորապես ամրագրված է այն թեզը, որ սա կարճաժամկետ ժամանակաշրջանի համար է գրված, մինչև կիրականանան նոր՝ ազատ և արդար ընտրություններ»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ սա ցանկությունների և բարի հեքիաթների ծրագիր չէ, ինչպես ասում են շատերը. «Այս ծրագրի համար պետք չէ արձանագրել արդյունքային ցուցանիշներ: Երբ որոշ պաշտոնյաներ խոսում են արդյունքային ցուցանիշների մասին, ապա պետք է նախ ներկայացնեն նախկին ղեկավարության վերջին տարիերի ընթացքում ցույց տված արդյունքները»:
Հիշեցնենք, ՀՀԿ-ից նոր կառավարության ծրագիրը որակել են որպես՝ կենացների, բարի ցանկությունների ժողովածու: Կուսակցության խոսնակը նշել էր, որ ՀՀԿ-ն 7,5 տոկոսանոց տնտեսական աճով է իշխանությունը փոխանցել նոր կառավարիչներին, մինչդեռ վերջիններիս ծրագրում որեւէ թիվ ֆիքսված չէ:
Ըստ Արիստակեսյանի՝ այս ծրագրում անպայման պետք է փոխվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը արդեն 10 տարվա վաղեմություն ունի:
Անդրադառնալով մյուս առաջարկներին, Արիստակեսյանն ասաց, որ ծրագրում նշելով ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու հարցը, իշխանությունները պետք է հայտարարեն, մի կարևոր կետ, այն է՝ նշել, ցեղասպանության արդյունք հանդիսացող հայրենազրկման, տարածքային, ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական կառույցների համար փոխհատուցման քաղաքականություն սկսելու մասին: