Ցավ մի ապրիր ոչ մի բանի համար
Ցավ մի’ ապրիր ոչ մի բանի համար, նույնիսկ գործածդ մեղքերի ու սխալների համար: Երբ մարդը լեռան բարձունքից դիտում է իր առջև փռված երկրի սքանչելի տեսարանները, ժամանակ չի կորցնում մտահոգվելու նեղությունների ու հոգնությունների, քարքարուտների ու իր գայթումնեերի համար, որ ապրեց վերելքի ընթացքում:
Այդպես պետք է լինի նաև քո դեպքում: Ներս շնչիր յուրաքանչյուր Օրվա անսպառ Օրհնությունները, մոռացիր ամեն ինչ, որ քո հետևում է մնացել:
Մարդը այնպես է կառուցված, որ կարող է կրել միայն քսանչորս ժամվա ծանրությունը, ոչ ավելի: Ուղղաձիգ է մարդը, բայց երբ իր ուսերին է վերցնում անցած տարիների բեռները` կքում է ծանրությունից: Իսկ երբ իր վրա է առնում նաև գալիք օրերի ծանրությունները այդժամ արդեն կոտրում է իր մեջքը: Ես խոստացել եմ օգնել ձեզ` այսօրվա բեռները կրելու. անցյալը Ես վերցրել եմ ձեր վրայից. իսկ եթե դուք անմտորեն նախընտրում եք` ձեզ վրա վերցնել վերստին անցյալի բեռը և կրել այն, այդժամ, դուք այդպես անելով` իրոք ծաղրում եք Ինձ` ակնկալելով, որ Ես մասնակցեմ ձեր այդ անիմաստ բեռնակրությանը:
Լավ կամ վատ` օրը ավարտվել է: Երբ արթնանաս դարձյալ, քո առջև ունես ապրելու քսանչորս ժամ միայն: Ճամփորդության պատրաստվող մարդիկ իրենց հետ վերցնում են միայն այն բեռները, որոնց կարիքը կա ճամփորդության ընթացքում: Չե՞ս խղճահարվի այն մարդու վրա, երբ տեսնես, որ նա կրում է նաև ահավոր ծանրությունները անցյալ ճամփորդությունների. և դեռ տարիներ առաջ մաշեցրած կոշիկներն ու զգեստները: Իր Մտքի ու Հոգու կյանքի մեջ, մարդը հենց այս է, որ անում է առհասարակ: Ուրեմն բնավ էլ զարմանալի չէ, որ Իմ խեղճ աշխարհը սրտով հիվանդ է, իսկ հոգով` մաշված: Դուք այդպես չպետք է անեք:
«Աստծո կանչ»-ը գրքից