՛՛… Այս դիակն ինձ ասելու նոր բան չունի՛՛
Անցյալ տարի այս օրը ես հուսառատ էի… Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը գիտեի, որ վաղը որակապես նոր Հայաստանում եմ արթնանալու: Հայաստան, որտեղ կա քաղաքական լուրջ այլընտրանք … կա թեև նորածին, բայց սուր արտահայտված դիմագծերով ու ամրակազմ ընդդիմություն: Ու ես հպարտորեն ձայն էի տալու այդ ընդդիմությանը:
Րաֆֆին այն էր, ինչ պետք էր այդ պահի համար: Հենց պահի, որովհետև երկարաժամկետում գուցե ընդդիմադիրի այդ ձևը ձանձրացներ: Նա, ով Րաֆֆու հանդես գալու այդ կերպը մտածել էր, արել էր դա սկուրպուլյոզ կերպով: Հաշվարկված ու մոդելավորված էր գրեթե ամեն ինչ: Ամեն ինչ, բացի մի բանից՝ Րաֆֆին ագահ էր… Ու հենց սա էր տապալելու այն ինչը այդքան երկար կառուցվել էր ու պրոպագանդվել: Հոգացած էր ամեն ինչի մասին: Անգամ նրա, որ իշխանություններին չհամակրող քաղաքացին Րաֆֆուն այլընտրանք չգտնի: Մնում էր միայն, որ թագաժառանգը գար ու բազմեր ընդդիմության առաջնորդի գահին: Չարեց…
Անցյալ տարի այս օրը ես քիչ թե շատ արդարացված որևէ պատճառ չունեի Րաֆֆուն չընտրելու համար: Րաֆֆին այն էր, ինչ պետք էր ինձ ու սահմանին տանը մենակ ապրող տատիկին, Երևանաբնակ ուսուցչուհուն ու Տավուշի սարերում իր անասունին արածացնողին: Րաֆֆին այն սերն էր, որ պակասում էր այդ ժամանակի համատարած ատելության ու ցեխշպրտոցու ֆոնին: Րաֆֆին նա էր, ով ճահճում սուզվողներիս ձեռք էր մեկնելու:
Ուժեղ ընդդիմություն ունենալու մարմանջս մեծ էր: Մեզ պետք էր հենց նա՝ ուժեղ և կառուցողական մեկը, ով Լևոն, դաշնակ կամ մուսկուլավոր չի… Հասկացող է, քննարկող, տրամաբանող, իր ուժերը ճիշտ գնահատող ու իրենից թույլի հետ հաշվի նստող: Րաֆֆին հենց այդպիսին էր: Ավելի ճիշտ այդպիսին էր Րաֆֆու համար ստեղծված մոդելը, որը նրան այդքան շատ էր սազում: Իսկը իր հագով կարած:
Ամենքս այս կյանքում մեր առաքելությունն ունենք: Ինչպես սողալու համար ծնվածը ճախրել չի կաողանա, այնպես էլ ճախրողն է միշտ խնդրի բախվելու, երբ սողալ որոշի: Րաֆֆու նմանները նախագահ չեն դառնում ու դա ես հստակ գիտեի: Նրանց առաքելությունն ուրիշ է: Նրանք պետք է դա հասկանան ու ուժեղ ընդդիմություն լինեն, ապա ամեն ինչ լափող իշխանությունների համար կոկորդում լռված մեծ ոսկոր դառնան:
Նրա նմանները գլխավոր հրամանատար ու երկրի անվտանոգությանան երաշխավոր երբեք չեն դառնում: Ըդհակառակը, նրա նմանները հսկում են, որ այդ երաշխավորները ծառայեն ժողովրդին ու դա անեն ճիշտ:
Փետրվարի 19-ը պետք է լիներ ընդդիմության առաջնորդի ծննդյան օրը, բայց Րաֆֆին չցանկացավ այդ տոնը նշել: Հիմա այլ մարդիկ ու այլ ձևով են դա փորձելու անեն: Խոսք անգամ չկա, այդ բորենինները բոլորն էլ վատն են Րաֆֆուց: Իսկ թե ինչ արդարացում է գտնելու նրանց ժողովրդի ջանին կապած Րաֆֆին, չգիտեմ: Եթե հասկանա՝ ինչ է արել ու թե մի քիչ իր ժողովրդին սիրի, իրեն չի ների երբեք:
Րաֆֆու այսօրվա ելույթը չեմ լսելու: Ազատության հրապարակում ֆիասկո ապրած ու Անի պլազայում քաղաքական ապաստարան գտած այս դիակն ինձ ասելու նոր բան չունի:
Գևորգ Ալեքսանյան