Լույս ու ջերմություն կարիքավորների դեմքերին.շնորհակալ են Վահե Հակոբյանին
“Դուք չեք պատկերացնի, ինչ լույս ու ջերմություն է ճառագում անժառանգ, միայնակ հաշմանդամների դեմքերից, երբ հիմա մտնում ես նրանց տները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Առաքելություն Հայաստան “ ԲՀԿ Կապանի ներկայացուցիչ Լյուդմիլա Պողոսյանը: Նա ուղղակի բառեր չի գտնում իր եւ 30 շահառուի անունից շնորհակալություն հայտնելու Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, ով “Տաք ձմեռ” ծրագրի շրջանակներում “Լեռնահայաստան” հիմնադրամի միջոցներով հոգացել է նրանց ջեռուցման ծախսերը:
“Մարդիկ չէին վառում, մտնում էի տները՝ ասում էի մի մրսեք՝ Աստված բարեհոգի է”,-ասաց տիկին Լյուդմիլան:
“Գիտեք շատ մարդիկ են եկել գնացել, բայց ոչ մեկը ձմռան նման ծրագիր չի իրականացրել”,-ասաց նա՝ նշելով, որ մարզպետն անձամբ է դիմել իրենց ներկայացնելու շահառուների ցուցակը:
“Տաք ձմեռ” ծրագրի շրջանակներում, մարզի զոհված ազատամարտիկների միայնակ մնացած, սոցիալապես՝ առավել ծանր պայմաններում հայտնված ծնողների, վիրավոր, հաշմանդամ ազատամարտիկների, մինչև 18 տարեկան հատուկ կարիքավոր երեխաների, անժառանգ միայնակների եւ այլ խմբերի համար երեք ամսվա համար տրվում է երեսուն հազար դրամ: Արդեն առաջին փուլով 331 ընտանիք ստացել է ֆինանսական օգնություն: Այն շարունակական է լինելու:
“Փաստորեն այդ գումարով հնարավոր կլինի վճարել հինգ ամսվա ջեռուցման վարձավճար, քանի որ շահառուները ամսական ավելի քիչ են ծախսում ջեռուցման համար: Գուցե առաջին հայացքից մեծ գումար չթվա, բայց տեսեք՝ այդ ընտանիքները իրենց թոշակներից պիտի խնայեին ու վճարեին, սակայն հիմա թոշակը կօգտագործեն այլ նպատակով”,-ասաց “Ազատամարտ” կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:
Վերջինս նաեւ նշեց, որ գումարն առձեռն չի բաշխվելու կարիքավորներին: “61 վիրավոր եւ զոհված ազատամարտիկների ընտանիքի է տրվելու գումարը: Կազմակերպությունը ճշտել է, թե ով ինչ է վառել՝ ասենք մեկը գազ, մյուսը՝ էլեկտրաէներգիա ու փոխանցվելու է այդ հասցեների համար: Կան մարդիկ, որ վառելափայտ են գնել, նրանց էլ գումարն է տրվելու”,-ասաց Հարությունյանը: