29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժի ժամանակ ու Սերժից հետո

Այս օրերին էմոցիոնալ բարձր ֆոնի ներքո բազմիցս առիթներ եղան բախվելու տարատեսակ դրսեւորումների: Արդեն ներկայացրել ենք մտավորականների եւ գործիչների, որոնք ընդամենը օրեր առաջ դիֆերմաբներ էին ձոնում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ իշխանափոխության ալիքի տակ բոլորովին այլ կերպարով են հանդես գալիս: Հանրային տիրություն քննարկվում է եւս մեկ նման կերպարանափոխություն:

 

 Հայաստանի նախկին (1998-1999) վարչապետ Արմեն Դարբինյանը ապրիլի 8-ին ֆեյսբուքի իր էջում Սերժ Սարգսյանի մասին գրած խոսքերը հեռացրել է: Ապրիլի 8-ը երրորդ նախագահի պաշտոնավարման վերջին օրն էր: Անհասկանալի է, սակայն, թե ինչու է վարչապետ աշխատած մարդը հրաժարվում իր խոսքերից:

Ի՞նչ էր ասել Արմեն Դարբինյանը Սերժ Սարգսյանի մասին` ստորև. 

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամերն են:

Պարադոքսալ է, բայց հենց այժմ կարծես նրանից սպասելիքներն առավելագույնն են՝ ազգային առաջնորդի դերակատարումը լիարժեք ստանձնելու, ժողովրդին, երկիրը և պետությունը դեպի բարեկարգ ապագա տանելու, Արցախին տեր կանգնելու պատասխանատվությամբ:

Նրա կերպարը, իհարկե, հակասական է. լինելով ՀՀ նորանկախ պետության թերևս ամենափորձառու գործիչը, նա բնականաբար կրում է և՛ մեզ հետ կատարված լավի, և՛ վատի ամբողջական պատասխանատվությունը:

Բայց նրա առանձնահատկություններից թերևս ամենակարևորը հենց պատասխանատվություն կրելն է և իրավիճակին տեր կանգնելը. ճանաչելով նրան պետականաշինության առաջին իսկ տարիներից՝ չեմ հիշում մի դեպք, երբ փորձեր խուսափել:

Նրա՝ Նախագահական տասնամյակի արդյունքներն ամփոփելիս, ուզում եմ նշել իմ կարծիքով ամենակարևոր երեքը.

1) Նախագահ Սարգսյանը ոչ միայն իշխանությանը, այլև երկրին, պետությանը և քաղաքացուն կարողացավ վերադարձնել 96-ից կարծես անվերադարձ կորսված լեգիտիմությունը: Այո, և քաղաքացուն, հատկապես՝ քաղաքացուն. մենք սովոր ենք լեգիտիմության չափանիշով չափել միայն իշխանությանը՝ մոռանալով, որ ոչ լեգիտիմ իշխանության պարագայում հարվածի տակ է դրվում և՛ պետության, և՛ քաղաքացու լեգիտիմությունը:

2) Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ այսօր աշխարհում ՄԻԱԿ երկիրն է, որը գտնվելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում, ունի քաղաքական համաձայնագիր Եվրոպական Միության հետ, և առևտրային արտոնյալ պայմաններ Միացյալ Նահանգների, ԵՄ, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, և այս երկրների ցանկը ընդարձակվելու է: Սա իսկապես գրոսմայստերական արդյունք է:

3) Հայաստանը այսօր, գտնվելով ըստ էության չավարտված և ամեն վայրկյան վերսկվելու վտանգ պարունակող պատերազմի պայմաններում` կարող է դասվել աշխարհի ամենախաղաղասեր երկրների շարքին. Նախագահ Սարգսյանի համարձակ հրավերը Թուրքիային (որին ոչ պատմական, ոչ էլ ընթացիկ խոհեմություն այդպես էլ չբավարարեց), զուսպ և արժանապատիվ կեցվածքն Ադրբեջանի նկատմամբ (հատկապես, նրա այն արտահայտությունը, որ մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ. դե համեմատեք սա Ալիև-որդու անդաստիարակ դրսևորումների հետ), Հայաստանի՝ բացառիկ բարեկամական մոտեցումը հարևաններ Իրանի և Վրաստանի նկատմամբ՝ չնայած այդ երկրների աշխարհաքաղաքական բարդություններին:

Հավատացեք, որ այս ամենը չափազանց բարձր է գնահատվում այսօրվա պայթյունավտանգ աշխարհում:

Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սարգսյանին, մենք նաև բարի երթ և հաջողություններ պիտի մաղթենք նրան՝ ազգային առաջնորդի բեռը ստանձնելիս: Երկրում առկա աղքատության աստիճանը այլևս անհանդուրժելի է, սոցիալական անարդարությունը՝ անըմբռնելի, բնության նկատմամբ վայրագությունը՝ նողկալի, անշնորհք և անգիտակից կառավարիչների և/կամ օլիգարխների նկատմամբ ամենաթողությունը՝ անտանելի:

Անձնական զրույցներից գիտեմ որ Սերժ Սարգսյանի համար սրանք առաջնահերթություններ են: Եվ ուրեմն՝ Բարին ընդ Ձեզ, Պարոն Նախագահ և Ամենայն Հաջողություն:

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ ՀՀ նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր  

Կարդացեք Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան  անդրադարձը  նոր կառավարության կազմին.

«Այս անգամ պիտի ողջունեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումները՝ կառավարության կազմի հետ կապված: Բացի մեկ-երկու կոմպրոմիսային դեպք/դեմքերից մնացյալը ուսյալ, գաղափարական, բաց, պայքարող, Քաղաքացի տեսակն են: Բարի երթ, ձեր ցավը տանեմ: Այսուհետ ցանկացած փորձ և/կամ գիտելիք ունեցող մարդու քաղաքացիական պարտքն է ձեր կողքին և թիկունքում լինելը: Ամեն ինչ լավ է լինելու, չկասկածեք»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ