23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր սպառնալիք

Մինչ մենք մեզ համար հեղափոխություն ենք անում ու վարչապետ ընտրում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից աշխարհը խառնեց իրար այս անգամ արդեն մեր սահմանին: Չսպասելով մայիսի 12-ին` նա հայտարարեց 2015-ին Իրանի հետ վեցնյակի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին: Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» է համարում Բարաք Օբամայի կնքած պայմանագիրը՝ պնդելով, որ Թեհրանին ընձեռվել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն:

Նրա քայլերը խիստ հաջորդական են․ հայտարարությունից հետո Թրամփը ստորագրեց պատժամիջոցները վերականգնելու հուշագիրը և նախազգուշացրեց։ Այս ամենին հաջորդեց Սպիտակ տան հայտարարությունը` երկրները, որ ԱՄՆ–ի վերականգնած պատժամիջոցներից հետո չեն հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից, «լուրջ հետևանքների» կբախվեն: Նրանց ժամանակ կտրամադրվի Իրանի հետ նախագծերը դադարեցնելու համար։ Վերականգնվող պատժամիջոցները վերաբերելու են Իրանի էներգետիկ, նավթաքիմիական և ֆինանսական ոլորտներին։ Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ–ի դուրս գալը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից պայմանավորված է նրանով, որ Իրանը, չնայած համաձայնագրին, զբաղվում է ուրանի հարստացմամբ և միջուկային զենքի մշակմամբ։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը պետք է նոր միջուկային համաձայնագիր կնքի 2015-ին ստորագրվածի փոխարեն։

Միայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց. «Իսրայելը լիովին պաշտպանում է նախագահ Թրամփի ՝ Թեհրանում ահաբեկչական ռեժիմի հետ սարսափելի միջուկային գործարքը թողնելու այսօրվա համարձակ որոշումը»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշեց, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են ԱՄՆ նախագահի որոշման համար: Ռուսաստանը մինչ այդ համաձայնագիրն անվանել էր անայլընտրանք: Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումն անհաջող քայլ է որակել Թուրքիայի ԱԳՆ-ն:

Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ-ին անվանեց երկիր, որ չի կատարում իր պարտավորությունները: «Այս պահից իրանական միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ համաձայնագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև»,- ասաց նա և պնդեց` ԱՄՆ-ն ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները:

Փաստացի, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան հայտնվել են մի կողմում, ԱՄՆ-ը` մյուս: Նախընտրական արշավի ժամանակ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գործարքն անվանում էր «խելագարություն», նախագահ դառնալուց հետո կատարեց բեկանելու խոստումը` հակառակ համաձայնագրի մյուս կողմերի:

Իրանը պարտավորվել է դադարեցնել ուրանի հարստացումը, 98%-ով կրճատել ուրանի պահեստները, միջազգային հանրությունը խոստացել է և կատարում է խոստումը` աստիճանաբար, փուլային տարբերակով մեղմացնել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Համաձայնագրին աջակցեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2231 բանաձևով: Միայն Իսրայելը չընդունեց համաձայնագրի լեգիտիմությունը` համարելով «պատմական մասշտաբի սխալ»: Թել Ավիվի մտահոգությունները կիսում էին միջազգային փորձագիտական շրջանակներում` պնդելով, թե համաձայնագիրը չի կաշկանդում միջուկային զենք ունենալու Իրանի ծրագրերը:

Թրամփը հիմնավոր կասկածներ ունի, որ Թեհրանն ակտիվորեն զբաղված է բալիստիկ հրթիռների արտադրությամբ: Թեհրանն արդեն ստացել է 100 միլիարդ դոլար, որ, ԱՄՆ նախագահի կարծիքով, օգտագործում է սպառազինությունների արտադրության և ահաբեկչությունը հովանավորելու նպատակով: ԵՄ-ն երկընտրանքի առջև է․ ստորագրած երկրները կարող են մնալ համաձայնագրում` անկախ ԱՄՆ որոշումից, բայց այդ դեպքում հայտնվելու են ԱՄՆ սահմանած պատժամիջոցների տակ: Մտահոգիչ է Թեհրանի արձագանքը: Հասան Ռուհանին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, դուրս կգա նաև Իրանը:

Թեհրանի միջուկային պետություն դառնալու հավակնությունը շատ արագ կարող է «միջուկային ակումբ» բերել Սաուդյան Արաբիային: Մերձավոր Արևելքում ստեղծվում է պայթյունավտանգ վիճակ, ինչից նախազգուշացնում էր Բարաք Օբաման: Տարածաշրջանի լարվածությունը հասնում է Հայաստանի սահմաններին` սա մեկ: Երկրորդ` նույնիսկ համաժողովրդական, թավշե հեղափոխությունից հետո Հայաստանը հայտնվում է ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի տակ` նախ՝ Ռուսաստանի, հետո էլ՝ Իրանի հետ հարաբերությունների բերումով:

Սա տնտեսության դիվերսիֆիկացման ու մենաշնորհների վերացման գործընթացին ծանր, արտաքին հարված է, որ Հայաստանի զարգացմանը խանգարելու է քաղաքական ու տնտեսական առումներով: Կհաջողվի՞ Հայաստանի համար արտոնյալ պայմաններ ստեղծել` ելնելով անելանելի աշխարհագրական ու տնտեսական վիճակից, թե՞ Դոնալդ Թրամփի գլոբալ քաղաքականության մեջ Հայաստանը շատ լոկալ հարց է: Բոլոր դեպքերում ապագա ԱԳ նախարարը ևս մեկ թեժ գիծ է ստանում իր օրակարգում:

Արթուր Գասպարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ