Աստծո խոստումը
Երանի՜ նրան, ում որ մեղքերին թողություն տրվեց և մոռացվեցին հանցանքներն իր ողջ: Եվ երանի՜ է այն տղամարդուն, ում մեղքը Տերը մեղք չհամարեց. մեղք էր գործել, բայց չկա՛ր նենգություն նրա բերանում: Գիշեր և ցերեկ և ամենայն ժամ Տիրոջն ուղղված իմ աղաղակներից մաշվեցի՛ն բոլոր ոսկորները իմ, բայց՝ լո՛ւռ մնացի: Ձեռքըդ ինձ վրա ծանրացավ, ո՛վ Տեր, թշվառությա՛ն մեջ ընկա վերստին, քանի որ փշե՛րն ինձ վրա ելան: Իմ մեղքերն ի՛նքըս ցույց տվեցի Քեզ, անօրենությունն իմ չթաքցրեցի՛ երբևէ Քեզնից:
Ասացի՝ ի՛նքս մեղքերս պատմեմ, Դու թողությո՛ւն տաս ամբարշտությանն իմ: Այդ բանի համար, Քե՛զ ընդունելի ժամանակի մեջ՝ բոլո՛ր սրբերն են աղոթքի կանգնում: Եվ եթե անգամ բազում ջրերից հեղեղներ ելնեն՝ նրանց երբևէ չե՛ն մոտենալու: Դո՛ւ Ես հենարան- ապավենը իմ նեղություններում, որ չորս կողմերս են եկե՜լ- ամբոխվել:
Տե՜ր, ցնծությո՛ւն իմ, ե՜կ ու փրկի՜ր ինձ իմ հանցանքներից, որ շուրջկալել են ու պաշարել ինձ: Իմաստուն պիտի դարձնեմ Ես քեզ նաև՝ խելամո՛ւտ՝ ճամփաների մեջ, ո՛ւր էլ որ գնաս, և պիտի պահեմ Աչքս քո վրա: Ձիերի նման մի՛ եղեք և կամ՝ ջորիների պես, որ իմաստություն երբևէ՛ չունեն՝ սա՛նձ ու պախուրձով պիտի դու ճմլե՛ս կզակը նրանց, որ՝ նպատակո՛վ նրանք ընթանան: Մեղավորներին հասնում են բազում ցա՛վ ու տանջանքներ, բայց նրանք, ովքեր Տիրոջը հուսան, Իր ողորմությամբ Նա պիտի հասնի՛, սնուցի՛ նրանց: Եվ պիտի ուրա՜խ լինեք, արդարնե՛ր, և պիտի ցնծա՜ք, որ Տիրո՛ջ վրա հույս հաստատեցիք, պիտի պարծենա՜ք բոլորդ էլ՝ ովքեր ուղի՛ղ եք սրտով:
Սաղմոս 31
Փոխադրությունը գրաբարից՝ Մաքսիմ Ոսկանյանի