Գյումրիում քահանաների առաջնորդությամբ երթ, օրհնված բլիթներ ու ձերբակալություններ
Գյումրիում ցուցարարներին միացան քահանանները: Նրանք խաղաղության ու համերաշխության կոչ արեցին, Տեր Եզնիկը օրհնեց հայ երիտասարդաց միության երիտասարդների բերած բլիթները, ապա այն բաժանեցին ցուցարարներին ու ոստիկաններին: Իսկ երթը, երբ սկսվեց, առաջին շարքերում էին հոգևորականները, որ անախորժ միջադեպ տեղի չունենա ցուցարարների ու ոստիկաների միջև։
Հավաքը վարող Կարեն Պետրոսյանը ցուցարարներին փոխանցեց Էջմիածնում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքերը։ Նա ասել է. «Կվերադառնամ, եթե ժողովուրդը ինձ պահանջի, եթե պետք եմ ժողովրդին»։ Կարեն Պետրոսյանը հիշեցրեց նաև Ախուրյանում զինվորի հուղարկավորության դեպքը, որից հետո շատերը քննադատել էին Սրբազանին։ Կարեն Պետրոսյանը դա որակեց որպես խառնակիչների ձեռքի գործ։
Ցուցարարները վանկարկում էին “Սրբազան, սրբազան”: Երթը կարելի է ասել խաղաղ էր, միայն հավաքի ավարտին ոստիկանները բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին: Նշենք, որ երեկ Վարդանանց հրապարակից բերման էին ենթարկել Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Ղարիբ Հարությունյանին, որին ձերբակալելու որոշում էին կայացրել խուլիգանության մասով:
Երեկոյան դատարանը վճռել է ազատ արձակել Ղարիբ Հարությունյանին, իսկ Գյումրիի Թատրոնի դիմացից ցույցին ելույթ ունեցող Կարեն Պետրոսյանին, որը նույնպես տնտեսագիտական համալսարանի դասախոս է, բերման են ենթարկել։ Այժմ նրան ձերբակալելու որոշում են ընդունում։