Գյուղապետ տղամարդիկ դեմ չեն կանանց, բայց…
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը մարտի 9-ին Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, ՍյունիքիՎայոց ձորի, Տավուշի մարզերի 41 գյուղական համայնքում գյուղապետի առաջադրված 93 թեկնածուներից 6-ը կանայք են:
Henaran.am-ը փորձեց պարզել, թե արդյոք կին թեկնածուները որեւէ ազգակցական-բարեկամական կապ ունեն առաջադրված գործող գյուղապետերի հետ:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Մուցք համայնքում գյուղապետ ամուսնու դեմ առաջադրվել էր կինը, քանի որ այլ թեկնածու չկար: Իսկ մեկ թեկնածուի դեպքում, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրությունները համարվում են չկայացած:
Արմավիրի մարզի Մեծամորի գյուղապետի աթոռի համար պայքարելու են ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Էդվարդ Միրզոյանն ու անկուսակցական Քրիստինե Պետրոսյանը: Վերջինս ոչ մի բարեկամական կապ չունի գյուղապետի հետ, ոչ մի տեղ չի աշխատում, մենատնտես է:
“Եթե կարող է՝ թող ընտրվի: Բայց կարծում եմ իմ շանսերը մեծ են“,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց գյուղապետ Էդվարդ Միրզոյանը:
Լոռիի մարզի Ձորամուտ գյուղում հանրապետական գյուղապետ Արարատ Փնջոյանի դեմ պայքարող անկուսակցական Արեւիկ Ահարոնյանը նոյնպես Փնջոյանի բարեկամը չէ:
“ Դե աղջիկ ա, եթե հաղթի, հո՞ ընտրությունները չկայացած չեմ համարելու “,-ասաց Փնջոյանը:
Նույն մարզի Նովոսելցովո համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ-ական Ջուլիետա Մկրտչյանը եւս չի աշխատում եւ պայքարելու է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Ռուբեն Դավոյանի դեմ:
“Ակտիվ կուսակցական է: Բարեկամ չի, համագյուղացի է, բայց կարծում եմ ինձ կընտրեն”,-ասաց Դավոյանը:
Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի 3 թեկնածուների դեմ պայքարելու է գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը: Ուսուցչուհու հետ առաջադրվել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարուժան Թումանյանը, ԲՀԿ-ական, Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի մեքենավար Արտակ Մովսիսյանն ու ՀՀԿ-ական Էվրիկ Առուստամյանը: Չորս թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են:
Հետաքրքիր պայքար է սպասվում նույն մարզի Տորունիք համայնքում.այստեղ առաջադրված երկու թեկնածուներն են կին են: Համայնքի ղեկավար Անահիտ Հակոբյանին ձեռնոց է նետել անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը:
Անահիտ Հակոբյանի եւ Ծովինար Գրիգորյանի հետ հարցազրույցները կներկայացնենք առաջիկայում: