Ինչո՞ւ ենք ամաչում Աստծու անունը բարձրախոսներից հնչեցնել կարևոր որոշումից առաջ
«Բոլորին տիրող հավասարապես, միայն Արարիչ դու ամեն ինչի: Անսկիզբ, անժամանակ, անշամանդաղ գիտություն»:
Երջանիկ կրոն է քրիստոնեությունը.
Մեր մեծագույն մեղքը մեր թերահավատությունն է: Յուրաքանչյուր աստվածաշնորհ լուսաբաց մեծ պարգև է Հայաստանի և ամեն հայի համար յուրովի: Իսկ մենք ամաչում ենք բարձրաձայն փառք տալ Աստծուն այդ պարգևի համար, երբեմն էլ չենք նկատում ամենօրյա կրկնվող այդ հրաշք երևույթը: Երկրորդ փառքը պարտավոր ենք տալ նույնպես բարձրաձայն, այն պարզ պատճառով, որ այդ պայծառ առավոտը բացվում է բաժան- բաժան եղած մեր ազգի վրա: Այսքան պառակտվել և գոյատևել, հնարավոր է միայն Աստծո նախախնամության և առաջնորդության շնորհիվ: Հենց Ավետարանի խոսքի համաձայն, թե `«Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ։ Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ»։ Մարկ. 3:24
Ուրեմն մեր տունը կանգուն է Աստծու ողորմության շնորհիվ, ինչո՞ւ բարձրաձայն չենք խոստովանում այդ մասին: Սահմանադրությամբ բաժան ենք, իրականում բաժան ենք, հոգևոր իշխանություն, մարմնավոր իշխանություն, ընդդիմություն, պարզ ժողովուրդ, ու սրանք էլ իրենց հերթին բաժանված են բյուր մասերի:
Ինչո՞ւ ենք ամաչում Աստծու անունը բարձրախոսներից հնչեցնել որևէ կարևոր որոշումից և նախաձեռնությունից առաջ, դարձյալ հիմնվելով Ավետարանի խոսքի վրա, թե` «Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ
երկնքում է»։ Մատթ,10:32
Մեր երկիրը կրում է Նրա Սուրբ Անունը` Քրիստոնյա Հայաստան, մենք կրում ենք Նրա Սուրբ Անունը` քրիստոնյա, և ամաչում ենք բարձր բեմերից հնչեցնել Նրա Սուրբ անունը: Այս երկու բացթողումը ունենք մենք. և բաժանված ենք մասերի և չենք դավանում բարձրաձայն մեզ Միացնողի Սուրբ անունը:
Ավետարանը մեզ ուսուցանում է, որ Աստված ճշմարիտ երկրպագություն է փնտրում մարդկանց մոտ, այն մարդկանց, որոնք Իր Անունը տալու համար տեղ չփնտրեն, Աստված ամենուր է, հոգու գիրքն է կարևոր երկրպագության համար:
«Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»
Հովհ.4:24
Աստված կարիք չունի մեծարվելու, բայց եթե Աստծուն չենք մեծարում, հարկադրված մարդուն ենք մեծարում:
Նարեկացին երջանկակրոն է համարում մեզ, իր մատյանը գրելիս, ուրեմն ինչո՞ւ երջանիկ չենք: Յուրաքանչյուրիս մեծագույն մեղքը մեր թերահավատությունն է, հետադարձ հայացք գցենք մեր անցած և նաև ներկա կյանքին, կհամոզվենք, որ մենք ամեն ինչում վախ ունենք, ուրեմն ամբողջությամբ չենք վստահում Աստծուն:
Իսկ Պողոս Առաքյալը ասում է. «Զգո՛յշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մէջ մտնելու խոստումից, որ տրուած է մեզ, ձեզնից որեւէ մէկը չզրկուի»։ Եբր. 4:1
Կամ այս տողը, որ ասում է` «Ումի՞ց զզուանք զգաց քառասուն տարի. Ո՞ւմ երդուեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մէջ, եթէ ոչ՝ անհնազանդներին։ Եւ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհաւատութեան պատճառով»։ Եբր. 3:18
Նավաբեկության ենք ենթարկվում ամեն անգամ, մեր կամքի գործադրումից: Իրական հանգիստը վայելելու օրհնյալ փորձառության կարիքը ունենք բոլորս:
Ծովիկ Դավթյան