Թե աչքերս քեզ որոնեն, ես կփակեմ մութ կոպերով…
Թե աչքերս քեզ որոնեն
Թէ աչքերս քեզ որոնեն,
Ես կը փակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:
Թէ խենթ լեզուս անունդ տա,
Ես կը սեղմեմ ատամներով,
Որ հնչիուն իսկ չշշնջա:
Բայց երբ սիրտս, սի՛րտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իմ դէմ,
Ինչո՜վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՜վ փակեմ…
ԼՍԻ՛Ր, ՍԻՐԵԼԻՍ
Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
Ես կգամ քեզ մոտ –
Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ –
Սիրիր, ինչպես կամ –
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը –
Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա –
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից –
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխաչի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար…
ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Ես ի՞նչ ասեմ և Ձեր, և’ իմ թարս բախտին,
Դուրս եմ գալիս ես պատշգամբ և ահա
Աչքս իսկույն դեմ է առնում պարսպին:
Այս տանն ապրել, սակայն չեմ էլ նկատել,
Որ իմ կողքին մեր Խորհուրդն էր Գերագույն,
Գերագույնին ոչ սիրել եմ, ոչ ատել,
Անտես, անշուք մի պատ էր մեր արանքում:
Հիմա… Հիմա Ձեր նստավայրն է շքեղ,
Դուք նախագահ մեր դեմոկրա՜տ պետության,
Ամեն անգամ, երբ ժամանում եք այստեղ՝
Խառնվում են ազդալույս ու ոստիկան:
Դատարկվում է մեր հին նրբանցքը իսկույն,
Դուք եք անցնում ավտոների շիք շարքով.
Մոտ աղբարկղի մուրացկանը ընկրկում,
Կանգնում ու Ձեզ ուղեկցու՜մ է հայացքով…
Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Բայց դեռ հնուց իմաստուններն են ասում՝
Ի’նչ էլ անենք, ահաբեկիչը կգա՝
Նա մեր մեջն է, մեր հոգում է, մեր ներսում:
Բարձրացնում եք Ձեր պարիսպը… Նույն պահին
Մարդն է, մա’րդը աղբի արկղը քջջում:
Նայում եմ ես այս անանուն պատկերին,
Եվ Ձե՜զ համար, և ի՜նձ համար ամաչում…
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ