«Եթե որևէ մեկը շտապում է, թող գնա». ընդունված առաջարկը ընդդիմադիրների սրտով չէր
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը՝ Կառավարության նախաձեռնությամբ: ՀՀԿ խմբակցությունից առաջարկ եղավ նիստերն անցկացնել առանց ընդիջմանը, ինչը դուր չեկավ ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներին: «Լավ կլինի, որ ընդմիջում էլ լինի, այսինքն՝ եկել ենք աշխատելու, աշխատենք, շտապողականության իմաստը ո՞րն է»,-հարցրեց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ընդմիջում անել-չանելն, իր կարծիքով, կապ չունի մանրամասն քննարկելու հետ, բայց կողմ է մանրամասն քննարկան:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «35 փաթեթանոց նախագիծը քննարկում ենք 1 ժամում: Այս ընթացակարգով նույնիսկ չենք հասցնում գլխի ընկնել՝ ինչ է փոխվել նախագծերում: Նախագծեր կան, որ կառավարության կողմից փոփոխության են ենթարկվել»:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ բոլորը պետք է հասկանան, որ պատգամավորների աշխատավայրը խորհրդարանն է: «Եթե որևէ մեկը շտապում է, թող գնա, ընդմիջման ռեժիմները պիտի պահպանել, աշխատել մինչև օրակարագի սպառումը, շտապողականության խնդիր չենք տեսնում, ուստի դեմ ենք, որ ընդմիջումները հանվեն»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ եթե հարկ կլինի, կարող են մեկ նիստ էլ ավելացնել, մինչև ուշ ժամ աշխատել:
Առանց ընդմիջման նիստ անելու առաջարկը դրվեց քվեարկության և ընդունվեց 60 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ արդյունքով: