Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Մարտի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
Թուրքիայի նախագահականի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ապրիլին կայանալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ ժողովի մասին, որն անցկացվելու է Թուրքիայում։
Նախագահները վճռականություն են հայտնել ընդլայնելու և ուժեղացնելու երկու երկրների համագործակցությունը մի շարք ոլորտներում։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում Պուտինը ստացել էր ձայների 76.67 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել էր Պավել Գրուդինինը՝ 11.79 տոկոս արդյունքով: