«Սեֆիլյանը այդ պատճառով չէր հասկանում Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 16-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով:
Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հերոս է և նրա անունը գրված է եղել դասագրքերում: Նա հիշեցրեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի ցուցմունքը:
Պավլիկ Մանուկյանը նշել է՝ Ժիրայր Սեֆիլյանը չի թույլատրել թալան անել գրավյալ տարածքներում. «Սեֆիլյանը այդ պատճառով չէր հասկանում Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Պավել Մանուկյանը ասում էր, որ ռազմաճակատում դիրք կար, որը թշնամին գրավել էր ու այդ ժամանակ դժվար է լինում զինվորների հոգին բարձրացնել և նորից բարձունք գրավել:Սեֆիլյանը հավաքում է մոտավորապես քսանհինգ հոգի, չնայած այդ բարձունքը գրավելու համար ութսուն հոգի էր հարկավոր: Մանուկյանը նշում է, որ իրենք պատրաստ էին նահատակվելու, գնում էին ազգի համար մեռնելու: Միայն հերոսը կարող էր նման քայլի գնալ ու այս անհավասար պայմաններում գնար՝ ազգի համար զոհվելու»:
Տիգրան Հայրապետյանը դիմելով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին ասաց. «Դուք հիմա կայացնում եք Ձեր կյանքի ամենակարևոր վճիռը: Դուք դեռ երիտասարդ եք ու պատմության առաջ հաշիվ եք տալու»:
Նշենք, որ դահլիճը շատ բուռն է արձագանքում դատավարությանը: Դահլիճում գտնվողները ծափահարում են և բղավում՝ Ժիրայր, Ժիրայր:
Արդեն հայտնել ենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: