Ծափեր «Սասնա ծռեր»-ին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց Գագիկ Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը նրան նիստերի դահլիճ վերադարձնելու վերաբերյալ։
Նշենք, որ նախորդ դատական նիստին Գագիկ Եղիազարյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել և «Սասնա ծռերի» անդամը 20 ժամով հեռացվել է դատական նիստերի դահլիճից:
Այսօր նիստերի դահլիճ վերադարձան ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանն ու Սմբատ Բարսեղյանը, քանի որ լրացրել էր նրանց նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետը։ «Սասնա ծռերի» աջակիցները նրանց դիմավորեցին ծափողջյուններով։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: