Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն եւ Արցախի մշտական ներկայացուցչություն
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը:
Բացի այդ, Բակո Սահակյանն այցելել է նաեւ Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։
Հանդիպմանը քննարկել են կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
Նախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք և կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ