Դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը. պահանջում են
Հայաստանի շուրջ 3 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են անհապաղ դադարեցնել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հալածանքը եւ ազատ արձակել նրան:
Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.
«Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ:
Տեղական եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել եւ արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրեաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների համար: Սակայն այդ գնահատականները շարունակում են անուշադրության եւ անտարբերության մատնվել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլ նաեւ ՀՀ իշխանությունների հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից:
Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար: Սակայն ներկայումս միայն Ա.Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին, եւ նա շարունակում է մնալ անազատության մեջ:
ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի կողմից խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել, թե արդյո՞ք Անդրեաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Եվ ստանալով Անդրեաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել չփոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, թողնելով անազատության մեջ:
2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրեաս Ղուկասյանի գանգատը:
Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը, եւ Եվրոպական դատարանն այն մեկնաբանում է որպես պետական մարմինների ցանկացած «թաքնված մտադրությունների» դեմ միջոց:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Անդրեաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն է տվել (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Կանոններ, Կանոն 41), ինչը ենթադրում է, որ Դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղի ՀՀ Կառավարությանը խախտումների վերաբերյալ:
Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չեն առաջադրվել: Այս հանգամանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում, որ ՀՀ Կառավարությանը հարցերի առաջադրման ձգձգումը կարող է պայմանավորված է լինել Դատարանում աշխատող ՀՀ իրավաբանների ազդեցությամբ:
Այս առնչությամբ պահանջում ենք
ՀՀ իշխանություններից
- անհապաղ դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը եւ նրան ազատ արձակել:
Եվրոպական Միությանը եւ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցող միջազգային կառույցներին
- Քաղաքական հետապնդումների, եւ մասնավորապես Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունների զարգացման հիմնական նախապայմաններից մեկը:
Մարդու իրավունքների Եվրպական Դատարանին
- Հետեւողականություն եւ պատասխանատվություն դրսեւորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել եւս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ:
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ
- «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ
- Երեւանի Մամուլի Ակումբ
- «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ
- «Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիա» ՀԿ
- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
- «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
- «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
- «Սոսե» կանանց հիմնահարցեր ՀԿ
- «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
- «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
- «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ
- «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
- «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ
- «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
- «Սպիտակի Հելսինկյան Խումբ» ՀԿ
- «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
- «Խորան Արդ» ինտելեկտաուալ կենտրոն ՀԿ
- «Իմ իրավապաշտպանը» ՀԿ
- «Շողեր միություն» ՀԿ
- Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան
- Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
- Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան
- «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
- «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
- «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ
- «Քալրֆուլ հաուս սոցիալ-մշակութային եւ իրավապաշտպան» ՀԿ