Հայաստանն ու Եվրամիությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ. Մոգերինի
Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երեւանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մոգերինին ուրախությամբ արձանագրել է, որ այս անգամ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում։
Ընդգծելով, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը երեք հիմնարար համաձայնագիր է կնքել, Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։
«Ստորագրեցինք նաեւ այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի եւ ԵՄ-ի կապակցվածությունն օդային եւ ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով եւ առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», – նշել է Մոգերինին։
Հիշեցնենք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։