Փորձեք գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին. Վ Ղուկասյան
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է.
՛՛Որոշ ԶԼՄ-ների և էլեկտրոնային կայքերի կողմից հետևողականորեն և նպատակային կերպով շարունակվում են ստահոդ տեղեկություններ տարածվել Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի մասին:
Տեղեկատվական ագրեսիայի շարունակական այս դրսևորումները կոնկրետ նպատակ ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով արատավորել Վարդան Ղուկասյանի անունը, վարկաբեկել նրա ընտանիքը:
Երեկ երեկոյան համացանցում տարածված տեսաձայնագրություններում ակնհայտորեն երևում է, որ Սպարտակ Ղուկասյանը որևէ կապ ու առնչություն չունի Բալասանյանի տան մոտ երթևեկող մեքենաների հետ: Տեսաձայնագրություններում հստակ երևում է, որ նշված տարածքում չկա ոչ մի գործող անձ, առավել ևս `հարձակվողներ, սպառնացողներ, կրակողներ և հայհոյողներ: Դեռ ավելին, ակնհայտ երևում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը անցնում են նշված փողոցով: Ստացվում է, որ փողոցային սովորական ավտոերթևեկությունը ոմանց վախն է առաջացրել:
Բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել այդ տեսաձայնագրությունը և փորձել գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին: Թե ով և ինչու է փորձում այս ամենը կապել Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, այժմ պարզ է դառնում:
Մենք հայտարարում ենք, որ հետևողականորեն բացահայտելու ենք և հրապարակայնորեն մերկացնելու ենք սուտ, կեղծ լուրեր շրջանառողներին և նրանց պատվիրատուներին: Բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք մեզ նման ոտնձգություններից և ոտնձգողներից՛՛: