Արմենը զոհվելու օրը ընկերների հետ մահվան մասին է խոսել
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ հերոսի մահով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը այդ օրը ընկերների հետ խոսել էր մահվան մասին: Այդ մասին լրագրողներին պատմեց նրա հետ դիրքերում գտնվող զինծառայող, շարքային Նորայր Մկրտչյանը:
“Այդ օրը առավոտյան Արմենի հետ խոսում էինք, ասաց պատկերացնում ես` ես մեռնեմ, ծնողներս ինչ վիճակի մեջ կլինեն, ես էլ ասեցի` Աստված չանի, տենց բաներ մի խոսա”,-ասաց նա: Նորայրի պատմելով, Արմեն Հովհաննիսյանը անընդհատ խոսում էր, որ շուտով ծառայությունը ավարտելու է եւ վերադառնալու տուն: “Պատկերացնո՞ւմ ես՝ 5 ամիս, հլը բերանով ասա՝ 5 ամիս”, -ասում էր Արմենը:
Ըստ Նորայրի, առաջին կրակոցն անցել է նրանց գլխավերեւով, Արմենը վազելով մտել է կացարան, զեկուցել դիրքի ավագին, վերադարձել ու հրահանգել՝ թիվ 1 պատրատություն։
Արմենը դիտակետ է գնում, քանի որ նոր կրակոց կար, իսկ Նորայրը կրակոցի ուղղությամբ հինգ պատասխան կրակոց է ուղարկում, ու այդ պահից սկսվում է անկանոն կրակահերթը հայկական դիրքերի ուղղությամբ։
Նորայրը վիրավորվում է, դիրքի ավագը նրան տեղափոխում է կացարան, որից հետո կազմակերպում պաշտպանությունը, որը տեւում է մոտ կես ժամ։ Արմենի վերջին խոսքերը Նորայր է լսել. “Վախ, վախ, վախ”: