Ուղղակի պետք է աշխատել, ոչ թե ընդդիմություն խաղալ
Նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի շուրջ խոսակցությունների ալիքը, կարծես թե, աստիճանաբար տեղի է տալիս` քաղաքական օրակարգ ներմուծելով բավական հետաքրքիր մեկ այլ թեմա` իսկ արժե՞, ընդհանրապես, մասնակցել մի ընտրության, որի ելքը, ըստ էության, կանխորոշված է: Հետեւաբար, միգուցե ճիշտը ընդդիմության բոյկո՞տն է: Չէ որ մեր ընտրահամակարգը` ի տրիտուր բարձրագոչ հռչակված օրենսդրական բարեփոխումների, կիրառության մեջ քանիցս ապացուցեց իր սնանկությունը:
Այժմ բոլորի համար պարզ է, որ ո´չ բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, ո´չ Վենետիկյան հանձնախմբի երաշխավորությունները, ո´չ ընդդիմության ջանադրությունը եւ ո´չ էլ իշխանության հավաստիացումները ի զորու չեղան «շողուլի բերել» հայաստանյան ընտրական գործընթացների լրջագույն ձեւախեղումները: Ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու բաղձալի նպատակը, ցավոք սրտի, հետաձգվեց անորոշ ժամանակով, եւ ընտրական մեքենայի թափանիվը շարունակում է առաջվա պես պտույտներ գործել օրվա իշխանության կամոք` հօգուտ տնտեսական, քաղաքական եւ մյուս ոլորտները բաշխելու ստվերային պայմանավորվածությունների: Իսկ ընտրությունները ոչ ավելին են, քան այդ պայմանավորվածություններն օրինականացնող մեխանիզմ:
Սա է պատճառը, որ փորձագիտական որոշ շրջանակներ իմաստ չեն տեսնում ակնհայտորեն զրոյական արդյունք խոստացող նախագահի ընտրություններում ներդնելու հսկայական ջանք ու միջոցներ, ժամանակ ու նյարդեր: Եվ խնդիրը, նրանց կարծիքով, սոսկ վատնված գումարն ու միջոցները չեն. հազիվ թե հանրորեն ընկալելի լինի այն կուսակցության կամ քաղաքական գործչի վարքագիծը, ով` հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, փաստորեն մասնակցում է ժողովրդի աջակցությունը չվայելող խմբիշխանության լեգիտիմացմանը, ավելին` նրա անմաքուր խաղերում կամովին ստանձնում է մանրադրամի դերակատարություն:
Թվում է` մտահոգությունը տեղին է. իսկապես, եթե ներկա ընտրական համակարգը հարմարեցված է գործող վարչախմբի անխաթար վերարտադրությանը եւ դրա դեմ, շատերի համոզմամբ, խաղ չկա, ուրեմն ինչո՞ւ գնալ «ուրիշի հարսանիքում քավորություն անելու»: Այս դատողությունն, անշուշտ, ունի գոյության իրավունք, սակայն կա նաեւ մեդալի հակառակ երեսը, որին «չմասնակցության» կողմնակիցներից ոմանք` ինչ-ինչ նկատառումներից ելնելով, չեն ուզում անդրադառնալ կամ ուղղակի կարեւորություն չեն տալիս: Բայց իզուր:
Գաղտնիք չէ, որ անկախ ամեն ինչից` որեւէ իրավիճակ, որեւէ խոչընդոտ, որեւէ այլ հանգամանք` այդ թվում համակարգի անկատարությունը, չեն կարող ընդդիմության համար ընտրություններին չմասնակցելու պատրվակ լինել, քանզի ընդդիմության բուն գոյությունը իշխանության համար պայքարով է պայմանավորված: Չմասնակցությունը ընդդիմության վախճանն է: Մի կողմ քաշվել ընտրապայքարից` նշանակում է ոչ միայն հանդուրժել կառավարողների իշխանությունը, որն աղետաբեր է երկրի ու ժողովրդի համար, այլեւ սեփական ձեռքով սեփական կուսակցությունը դարձնել կեղծապատիր մեխանիզմի մի պտուտակը: Վերջապես` դա նշանակում է ցրել շարքերը եւ գնալ տուն հուշեր գրելու:
Այո, ընտրական համակարգը մեզանում կաթվածահար վիճակում է. այո, խախտումների ձեւերը բյուրեղացվել, նրբացվել են. այո, իշխանությանը սերտաճած օլիգապոլիան մոլեգնում է ամենուրեք, իսկ ընտրարշավի շրջանում` առավել սանձարձակ եւ հանդուգն: Ուրեմն իրեն ընտրություններից հեռու պահելու փոխարեն ընդդիմությունը լավ կանի, եթե սկսի հենց ընտրահամակարգի խոցերից` իր հերթին բյուրեղացնելով պայքարի ձեւերը, միավորվելով եւ պարարտ ենթահող ստեղծելով ազատ ու արդար ընտրությունների համար:
Արդար ընտրությունների դրոշի տակ միավորվելու փորձեր, ինչպես հայտնի է, նախկինում եւս եղել են, սակայն անհաջողության են մատնվել, որովհետեւ ընդդիմադիր ճամբարի որոշ կուսակցապետերի ամբիցիաները միշտ խանգարել են: Նույն պատճառով հիմա էլ չի լուծվում միասնական թեկնածուի հարցը, չնայած մի շարք քաղաքական դեմքերի ու փորձագետների դիտարկմամբ` անխոցելի ընտրական համակարգի ներդրման եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ ամբողջ ընդդիմադիր դաշտի համախմբումը շատ ավելի կարեւոր է եւ, միեւնույն ժամանակ, ավելի դյուրին, քան նախագահի միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը:
Բանն այն է, որ միասնական թեկնածուի խնդիրը շատ է անձնավորված եւ ինչ-որ տեղ շոշափում է կոնկրետ անձի պատվախնդրությունները, մինչդեռ ընտրական համակարգի իրական բարեփոխման եւ արդար ընտրությունների կայուն նախադրյալների ապահովման անհրաժեշտությունը բխում է ընդդիմադիր դաշտի առանցքային դերակատարների ընդհանուր շահերից: Այսինքն` միասնաբար գործելու ասպարեզն այստեղ ավելի լայն ու գրավիչ է: Միակ բանը, որ պակասում է, ընդդիմության քաղաքական կամքն է: Եթե, իհարկե, վերջինս անկեղծորեն շահագրգռված է արդյունավետ ընտրություններով եւ իսկապես ուզում է կազմաքանդել վաղ թե ուշ երկիրը կործանման հասցնող քրեաօլիգարխիկ համակարգը:
Եվ այսպես, գանք գլխավոր ինտրիգին` մասնակցի՞, թե՞ չմասնակցի ընդդիմությունը 2013թ. նախագահական ընտրություններին: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ` ինչպես կասեր հանրահայտ դանիմարքացին: Այն մտավախությունը, թե գործող արատավոր ընտրական համակարգի կանոններով անիմաստ է ընդդիմության մասնակցությունը, կարելի է մեկընդմիշտ փարատված համարել շատ պարզ մի պայմանի դեպքում` ուղղակի պետք է աշխատել, ոչ թե ընդդիմություն խաղալ:
Գեւորգ Լալայան