Թուրքիան պիտի ուշադիր կարդա Սիրիայի զինադադարի մասին ՄԱԿ-ի բանաձևը․ ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Թուրքիային խորհուրդ է տվել ուշադիր կարդալ Սիրիայում զինադադարի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:
Թուրքիան իր հերթին կոշտ արձագանք է տվել այս հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը նշել է, որ ԱՄՆ ներկայացուցչի հայտարարություններն անհիմն են․ «ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է ուշադիր կարդա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նշյալ որոշումը, անհիմն են և վկայում են, որ նա կամ չի հասկացել որոշման էությունը, կամ միտումնավոր աղավաղում է այն»։
Աքսոյը պնդել է, որ ՄԱԿ-ի որոշման մեջ չի խոսվում Աֆրինի մասին։ «Այդ որոշումը պահանջում է դադարեցնել բախումներն առնվազն 30 օրով՝ Սիրիայի անբարենպաստ վիճակում գտնվող շրջաններին և գլխավորապես Արևելյան Գուտային շտապ մարդասիրական օգնություն հասցնելու և բուժման նպատակով մարդկանց դուրս բերելու հնարավորություն ստեղծելու համար»։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Աֆրինի գործողությունները համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, այն է՝ ինքնապաշտպանության իրավունքին։
Աքսոյը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին՝ «ահաբեկիչներին աջակցող հայտարարություններ անելու փոխարեն կենտրոնանալ ռեժիմի՝ անմեղ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները դադարեցնելու վրա»։