Սեֆիլյանի գործով դատավորը «պատժեց» դահլիճին
Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Արդեն հայտնել ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
Գործով բոլոր պաշտպանները միացան միջնորդությանը:
Դահլիճից շարունակ վանկարկեցին՝ «ազատ դատարան ու արդար դատավոր կարող ենք ունենալ ազատ, անկախ Հայաստանում»: Երբ հերթը հասավ մեղադրող կողմին և մեղադրողը հայտարարեց, որ դեմ է միջնորդությանը, դահլիճից բղավեցի ` «մի մուկ խոսեց իր հերթին»: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ դատավորն իր լիազորություններն իրականացրել է լիարժեք և ներկայացաված միջնորդությունը հիմնավոր չէ: Դատախազի խոսքը չէր լսվում, քանի որ դահլիճից զուգահեռ վանկարկում էին` «ամոթ, անամոթ, ճորտի ճորտ»: : Դատարանը, նախքան խորհրդակցական սենյակ գնալը, որոշեց նիստերի դահլիճում գտնվող բոլոր մասնակիցներին հեռացնել դահլիճից: Հայտարարվեց կես ժամ ընդմիջում:
Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: