Դատապարտվում են անթույլատրելի ապացույցների հիման վրա.Սեֆիլյանի գործ
Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան Գեորգի Մելիքյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ իր պաշտպանյալի մոտ հայտնաբերված ինքնաձիգերն ու փամփուշտները սարքին չեն եղել: Փամփուշտների մի մասը օգտագործման համար պիտանի չեն եղել:
« Հրայր Թոփչյանը և մյուսները դատապարտվում են անթույլատրելի ապացույցների հիման վրա: Առկա չեն այնպիսի թույլատրելի ապացույցներ, որոնց հիման վրա իմ պաշտպանյալի արարքը համարվի հանցագործություն: Հետաքննիչն է եղել այն գործիքը, ով իրեղեն ապացուցներ է մտցրել այս գործի մեջ, մինչդեռ հարգելի դատարան, Դուք թույլ չտվեցիք հետաքննիչին, որպես վկա հրավիրենք դատարան: Եթե Դուք օբյեկտիվ վճիռ չկայացնեք, ապա մենք դիմելու ենք, որ հետաքննիչը քրական պատասխանատվության ենթարկվի: Այսօրվա իմ պաշտպանական ճառը կազմել եմ մի սկզբունքով՝ մի ասեք իմ մասին սուտ, որ ստիպված լինեմ ասել Ձեր մասին ճշմարտությունը»,-հայտարարեց պաշտպանը:
Նա իր պաշտպանյալի համար արդարացում պահանջեց:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: