Քարերը վերցնում էին որտեղից պատահի՝ գետնից.Անդրիաս Ղուկասյանի գործով վկա
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը:
Այսօրվա նիստում դատարանը հարցաքննվեց վկա Արտակ Մուրադխանյանին: Վկան նշեց, որ հավաքին միացել է Ազատության հրապարակից:
«Չեմ հիշում, թե այնտեղ ովքեր են ելույթ ունեցել: Հետո շարժվեցի ժողովրդի հետ, որի դիմացը Սարի թաղում ոստիկանները փակեցին: Հետո ոստիկանները գործողությունների դիմեցին, որ ցրեն ցուցարարներին: Նրանք մինչեւ ՊՊԾ գունդ պետք է գնային, իսկ թե ինչու՝ չգիտեմ»,-նշեց վկան:
Արձագանքելով Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը հարցին, թե վկան ի՞նչ ի նկատի ուներ, երբ նշեց, որ պետք է գնային դեպի ՊՊԾ գունդ,Արտակ Մուրադխանյանը պատասխանեց. «Քանի որ իրադարձությունները ՊՊԾ գնդի տարածքում էին ծավալվում, պետք է մոտենային ՊՊԾ գնդին, բայց չեմ կարծում, թե պետք է մտնեին ՊՊԾ գունդ, որովհետեւ նախորդ օրերին էլ էին նման երթեր եղել»:
Արտակ Մուրադխանյանը դատարանին հայտնեց, որ ցուցարարների նպատակը չգիտեր, պարզապես հետաքրքրությունից դրդված է միացել երթին:
«Նետել են, թե ովքեր՝ չեմ ճանաչում: Քարերի ընթացքին չեմ հետեւել ու չեմ հիշում՝ ոստիկաններին կպե՞լ են, թե ոչ: Քարերը վերցնում էին որտեղից պատահի՝ գետնից: Ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք ասում էին, որ քարերով պետք չէ հարվածել ոստիկաններին, նախահարձակ պետք չէ լինել»,-անդրադառնալով քարեր նետելու մասին հարցին մանրամասնեց վկան: