Աժ-ում կոնյակի բույր էր տարածվել. «սիրտը շահելու» գործընթաց էր. Հրապարակ
«ՀՀԿ-ում ոչ միայն մեխանիկորեն եւ բնազդաբար քվեարկում են, նույն սկզբունքով էլ ծափահարում են։ Երեկ, երբ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական է տվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, դահլիճում, հատկապես ՀՀԿ-ական շարքերից, բուռն ծափահարություններ հնչեցին։
Թովմասյանը միջանցքում կատակում էր, թե իր հեռանալու առիթով ուրախ են բոլորը։ Ինչպես հայտնի է, նա շուտով կտեղափոխվի ՍԴ՝ նախ անդամի, հետո՝ նախագահի պաշտոնում, ինչի պատճառով էլ հրաժարական ներկայացրեց պետաիրավականի ղեկավարի պաշտոնից։ Դահլիճում ամենաբուռն ծափահարողները՝ օդիոզները, թերեւս ավելի ուշ գլխի ընկնելով, թե ինչ են արել, որոշել էին Թովմասյանի սիրտը շահել։
ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի սենյակում Հրայր Թովմասյանի համար «հրաժեշտի ցերեկույթ» էին կազմակերպել հին ու ավանդական ձեւով։ Կոնյակի բույրն էլ տարածվել էր միջանցքով մեկ, այնտեղ էին ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը՝ Նեմիրոֆի Արմանը, Միհրան Հակոբյանը, Կարեն Ավագյանը եւ ուրիշներ։ Սակայն Հրայր Թովմասյանը սենյակից դուրս գալուց հետո վստահեցրեց, որ ինքն անձամբ ալկոհոլ չի օգտագործում։ «Ինչ-որ մի փուլ կար, որ օգտագործում էի, հիմա ընդհանրապես չեմ օգտագործում: Կերուխում չի եղել, մենք ընդամենը սուրճ ենք խմել»,- ասաց նա»: