Առաջին ատյանում ձայնագրությունները չեն ուսումնասիրվել. Բաբայանը հայտարարեց
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 16-ին շարունակվում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:
Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց կրկին անգամ ուսումնասիրել մի քանի ձայնագրություններ, որոնց ամսաթվերը նա նշեց, սակայն մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ: Արամ Արամյանը նշեց, որ այդ ձայնագրությունները առաջին ատյանի դատաքննության ժամանակ պատշաճ հետազոտվել են:
Խորհրդակցելուց հետո նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է միջնորդությունը:
Սամվել Բաբայանը նշեց, որ առաջին ատյանում այդ ձայնագրությունները չեն հետազոտվել: Բաբայանը կրկին միջորդեց, որ վերաքննիչ դատարանը ևս ուսումնասիրա այդ ապացույցները:
Բաբայանը խորհրդակցեց իր պաշտպանի հետ և այլ միջնորդություն չներկայացրին:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: