«Որ թուրքերի հերը անիծեն».«Իգլա» վաճառողի սենսացիոն հայտարարությունը/տեսանյութ/
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 16-ին շարունակվում է Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ:
Այսօրվա նիստում ցուցմունք է տալիս գործով առանցքային վկա, մեկ այլ գործով մեղադրյալ, «Իգլա» զենիթահրթիռային համալիրը վաճառող Ռոբերտ Աղվանյանը:
Աղվանյանը նշեց, որ չի ճանաչում Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին և ամբաստանյալներից միայն Արմեն Պողոսյանին է ճանաչում, այն էլ որպես էջմիածինցի:
Ռոբերտ Աղվանյանը նշեց, որ բնակվում է Էջմիածնում և զենքը պատկանել է իր հորը, ով նախկինում բավականին զենք-զինամթերք է փոխանցել Արցախ: Նշենք, որ Ռոբերտ Աղվանյանի հայրը Էջմիածնի նախկին քաղաքապետներից է:
Աղվանյանը նշեց, որ զինամթերքը գտել է 2010 թվականին՝ իր տանը. «Տունը վաճառելուց պատահական գտա»:
Աղվանյանը հայտնեց, որ Վրաստանից «Իգլա» չի տեղափոխվել: Ինքը Վրաստանում պատահական հանդիպել է ազգությամբ եզդի Ռուստամի, Հրաչ Մայիլյանի և գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանի հետ: Ինքը Ռուստամին է առաջարկել գնել «Իգլա»-ն:
«Որ քրդերի հետ կապված թուրքերի հերը անիծեն, ուզել եմ իրեն վաճառեմ: Ես հետո եմ առաջարկել Հրաչ Մայիլյանին, իրեն կանչեք այստեղ ու թող հարցերին պատասխանի»,-նշեց Ռոբերտ Մայիլյանը:
Նա հայտնեց, որ գործի բացահայտումից հետո զղջացել է արածի համար և իր մոտ եղած ողջ զինամթերքը նվիրել է Հայոց բանակին:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին:
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Մանրամասները` տեսանյութում: