Ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում. վարչապետ
Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջակա միջավայրի մոնիտորինգին վերաբերող հանձնարարական տվեց: Նա նախ նշեց, որ Բնապահպանության նախարարության կողմից եռամսակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի մոինտորինգի մասին հետազոտություններ, սակայն միաժամանակ նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն: Նաև, ըստ վարչապետի, չկան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնցով էլ պայմանավորված կարող են խնդիրները լուծվել:
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց մեկ ամսվա մեջ ապահովել շրջակա միջավայրի մոնիտորինգի արդունքում արձանագրված խնդիրների վերլուծությունն ու դրանց իրականացումը, նաև գործիքակազմ մշակել ու ներկայացնել օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին Կ. Կարապետյանը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից վեր հանված խդիրների նվազեցմանն ու բարելավման ուղղված քայլեր:
«Հաշվետտվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է, չգիտեմ, ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում:
Այդ իսկ պատճառով, պարո՚ն Մինասյն, հստակ ձևակերպեք»,-դիմելով նախարարին՝ ասաց նա: