«Առնվազն անբարոյական է». դատախազը պահանջեց «պատժել» Անդրիաս Ղուկասյանին
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօրվա նիստում ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին դատական սանկցիայի ենթարկելու միջնորդություն ներկայացրեց։
«Միջնորդում եմ դատական սանկցիայի ենթարկել Անդրիաս Ղուկասյանին մեղադրողի հասցեին անպարկեշտ հայտարարության և բնորոշման համար։ Բազմիցս հորդորել եմ նման հայտարարություններ չանել, և նշեմ, որ, որպես մեղադրյալ, իրավունք չեմ վերապահում նույն և առավել խիստ բնորոշում ներկայացնել ամբաստանյալին։ Հայտարարությունը նորից չկրկնեմ»։
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկեց միջնորդությանը և հայտնեց, որ մեղադրողը պետք է հստակեցնի, թե ինչ արտահայտության մասին է խոսքը. «Հնարավոր է՝ այնպիսի արտահայտություն է, որ անպարկեշտ չէ կամ այնպիսի արտահայտություն է, որ ասենք՝ պետք չէր»։
Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց, որ մեղադրողի դեմ որևէ բացասական վերաբերմունք չունի։
Դատավորը դատախազից ճշտեց, թե արդյոք խոսքն «առնվազն անբարոյական է» արտահայտության մասի՞ն է, և դրական պատասխան ստանալուց հետո ասաց. «Դատարանը դա չի դիտում որպես անպարկեշտ հայտարարություն և միջնորդությունը մերժում է»։
Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: