26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունները վախենում են ըմբոստությունից, փողոցային պայքարից. փորձագետ

«Պետք է տեսնել, թե ինչը կարող է իշխանություններին զսպել այդ հարցում: Եթե որևէ ըմբոստություն չլիներ, մենք լսեինք հանձնաժողովի նախագահներին այդ հարցում կամ այլ պատասխանատու անձանց, կտեսնեինք, որ իրենց համար որևէ բան չի եղել: Իրենք նույնիսկ թանկացումը ներկայացնում են որպես օբյեկտիվ երևույթ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ, միջազգային հարցերի փորձագետ Հովհաննես Իգիթյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք որևէ արդյունք տվեցին «Ելք» դաշինքի ակցիաներն՝ ընդդեմ գնաճի: Նա նշեց, որ իշխանությունները, կառավարությունը պիտի լավ գիտակցեր, որ անուղղակի հարկերով փորձել լցնել բյուջեն բերելու է հենց այս թանկացումներին, քանի որ այդ հարկերն ուղղակի կերպով քաղաքացու գրպանին են խփում:

«Իհարկե, իշխանությունները վախենում են ըմբոստությունից, սա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը փորձեց ինչ-որ խորհրդակցություն անել: Այսօր իշխանությունը վտանգ չի տեսնում ընդդիմությունից, նրանք վտանգ տեսնում են փողոցում մասայական ըմբոստությունից: Սա է պատճառը, որ ընդառաջ են գնում որոշ նախաձեռնությունների: 

«Ելք» դաշինքն, իհարկե, փորձում է այդ հարցը ներկայացնել պառլամենտում, բայց նրանք չեն ներկայացնում շատ կարիքավոր մարդկանց շահերն այնտեղ. այդ մարդիկ չեն կապում իրենց որևէ քաղաքական ուժի, այդ թվում «Ելքի» հետ: Այնպես չէ, որ եթե 10 հազար մարդ է հավաքվել, ուրեմն այդքանն է դժգոհում կամ այդ հարցի լուծում կապում «Ելքի» հետ»:

Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի՝ գնաճի հետ կապված հայտարությունը, թե պետք է պարզել՝ ինչ-որ մեկի ագահության, թե օբյեկտիվ պատճառների արդյունք է,  արդյոք նաև «Ելքի» ակցիայի արդյունքն էր, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն անկե՞ղծ էր… Ինչ է նշանակում հարցը՝ օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ է գների բարձրացումը: Երևի թե Կարեն Կարապետյանը ժամանակ չունի բացի Ռուսաստանից այլ երկրներ գնալ և չի տեսնում այնտեղի գները: Ես աշխատում եմ մի քանի երկրներում և ապրում եմ նրանց կենցաղով ու կարող եմ ասել, որ միջազգային շուկայում պատկերն այլ է: Երբ ինքն ասում է, թե կարագն ամենուրեք է թանկացել, Ֆրանսիայի կենտրոնում՝ ամենաթանկ խանութում կարագը թանկացել է 2 ցենտով, ընդ որում այս թանկացումը եղել է Սուրբ Ծննդին ընդառաջ, և փաթեթավորումն ավելի վառ էր, երևի թանկացումը դրա հետ էր կապված: Եթե վերցնենք Ֆրանսիայի հարավի ամենաթանկ խանութը, ապա 1 կգ կարագն արժե 6 եվրո, եթե Ուկրաինայում նայենք, ապա մանրածախ վաճառքը 120 գրիվնա է, որը համարժեք է 4 եվրոյի:

Հարցն այն է, որ պետք է տեսնենք, թե որտեղից է գալիս այդ չարաշահումը, մենաշնորհային դիրքի օգտագործումը՝ ոչ միայն այդ ապրանքը Հայաստան բերելու, այլև սպառելու, որը ևս մենաշնորհ է այստեղ»:

Նա հավելլեց, որ ցանկացած ոլորտում Հայաստանի քաղաքացին 2 անգամ ավելի է վճարումներ անում:

«Էլեկտրաէներգիան ՀՀ-ում 2 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանում, Ուկրաինայում։ Գազը մեզ մոտ 2 անգամ թանկ է մեր հարևան պետությունների համեմատ, ջուրը 3 անգամ թանկ է Վրաստանից և այլն: Այսինքն՝ մոտավորապես 700-800 մլն դոլար ՀՀ քաղաքացին ավելի է մուծում՝ հովանավորչական քաղաքականության հետևանքով: Նայեք՝ ով է մեզ մոտ բերում գազ, ինչ գներով վաճառվում, նայեք՝ ով է էլէներգիայի վաճառքն ու սպառումն իրականացնում, և կտեսնեք ամբողջ կոռումպացված համակարգը: Եթե նախագահի թիմի փորձագետները սա չեն տեսնում, չեն կարողանում հաշվարկներ անել, ապա մենք պատրաստ ենք տալ մեր հաշվարկները»,-եզրափակեց Հովհաննես Իգիթյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ