Կյանքովս եմ հատուցել արածիս համար. Ցմահ դատապարտյալը՝ Սերժ Սարգսյանին
23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը շարունակում է դատական տարբեր ատյաններում վիճարկել վաղաժամկետ ազատման հարցը: Չնայած Գրիգորյանը շարունակ մերժվում է, բայց շարունակում է հավատալ, որ մի օր կշնչի ազատության օդը: Ցմահ դատապարտյալը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Henaran.am-ստորև ներկայացնում է նամակն ամբողջությամբ:
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին։
Մեծարգո պարոն Նախագահ, երկար մտորումներից հետո որոշեցի Ձեր ուշադրությունը հրավիրել իմ ցմահ ազատազրկմանը։ 23 տարի․․․մի ամբողջ մարդկային կյանք․ դրանց մեջ են ամփոփված կյանքիս լավագույն տարիները։ Տարիներ, որոնք կարող էի և պարտավոր էի անցկացնել ընտանիքիս հետ միասին, բայց, ավաղ, երիտասարդ տարիքում իմ չգիտակցելը, ինչու չէ նաև կյանքի փորձի պակասը հանգեցրեցին նրան, որ այդ տարիները ես անցկացրեցի և մինչ օրս շարունակում եմ անցկացնել ճաղերի ետևում։
Պարոն Նախագահ, սրանք լոկ բառեր չեն Ձեզ մոտ խղճահարություն առաջացնելու համար։ Հանրապետության երկրորդ նախագահը չզրկեց ինձ կյանքից, սակայն երբեմն ցմահ ազատազրկումը շատ ավելին է, քան․․․
Այդ 23 դժբախտ տարիների, իսկ դրանց այլ կերպ չես կարող անվանել, որոնցից վեցը եղել են մահապատժի տարիները ինձ վերջնականապես համոզեցին մեկ բան․ Ազատությունն անգին է, և մարդը ծնվում է ապրելու հասարակության մեջ, այլ ոչ թե հասարակությունից մեկուսացված։ Կարծում եմ կյանքովս եմ հատուցել արածիս համար։ Մի՞թե արածիս համար զղջալը չէ, որ նույնիսկ անհույս վիճակում փորձել եմ չկորցնել մարդկային դիմագիծը, մարդ տեսակս։ Հավատացնում եմ Ձեզ, որ դա այդքան էլ հեշտ չի, առավել ևս այն միջավայրում, որտեղ ես անցկացրել եմ այդ 23 տարիները։
Դա է փաստում նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրված դրական բնութագիրը․ դա մի ամբողջ համալիր ծրագիր է, որտեղ ընդգրկված են ամենատարբեր մասնագետներ, որոնք օրեր, ամիսներ, տարիներ շարունակ աշխատել են, և արդյունքում առկա է նման բնութագիր։
Սա է իմ դեմքը․ դեմք, որ 23 տարիների ընթացքում փորձեցի պահպանել և մնալ մարդ։ Այդ տարիների ընթացքում չեմ կորցրել հույսս և պահպանել եմ կապն ընտանիքիս հետ, երեխաներիս ուսման հարցերն եմ հոգացել, նպաստել, որ նրանք դառնան հասարակությանը պիտանի քաղաքացի և ամենակարևորը, որ երբևիցե չկրկնեն իմ սխալները։ Ակնկալում եմ Ձեր հատուկ ուշադրությունը և խնդրում ինձ ներում շնորհել։ Իմ կյանքի մայրամուտը թույլ տվեք ապրեմ` ընտանիքիս հետ։ Շուտով 55 տարեկան կդառնամ, խնդրում եմ ինձ շնորհեք թոռնիկներիս գրկելու մեծագույն բավականությունը:
Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: