Բեքչյանը հրաժարական տվեց, Աթեշյանը վերադարձավ փոխանորդի պաշտոնին
Պոլսի հայոց պատրիարքարանում կրոնական ժողով է գումարվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ: Ժողովը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 5-ին պատրիարքարան ուղարկված Թուրքիայի Ներքին գործերի նախարարության նամակը քննարկելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է Պոլսի հայկական «Ժամանակ» թերթը, պատրիարքի տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր հայտնել է իր հրաժարականի մտադրության մասին՝ չցանակնալով մասնակցել ժողովին։
Խորհրդակցությունից հետո հստակացվել են հետևյալ կետերը.
1. Պատրիարքական ընտրությունը կատարվում է Եկեղեցու և պետության համաձայնությամբ և համագործակցությամբ։ Պատրիարքական Աթոռի պատմության մեջ միշտ առկա է եղել այս իրողությունը։ Հետևաբար սույն պաշտոնագրի բովանդակությունն ընկալվել է այս իրողության լույսի ներքո։ Պետությունն իր կամքը հայտնել է այն շեշտադրությամբ, որ 85-րդ պատրիարքին ընտրելու պայմանները հասունացած չեն և հետևաբար տեղապահի ընտրությունն անհիմն է։ Հետևաբար, ըստ օրենքների, հնարավոր չէ պատրիարքական աթոռը թափուր հռչակել՝ Մեսրոպ պատրիարքին հանգստյան կոչելով:
2. Սույն նամակը պահանջում է վերադառնալ 2016թ հոկտեմբերի 26-ին գումարված Եկեղեցական Ընդհանուր Համագումարից առաջ գոյություն ունեցող իրավիճակին։ Ուստի նույն նամակով հաստատվում է, որ 2010թ հուլիս 1-ին Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ ընտրված Արամ Աթեշյանը շարունակում է պաշտոնավարումը՝ համաձայն Նախարարների Խորհրդի՝ 2010թ օգոստոսի 18-ի պաշտոնագրի լիազորությունների։
3. Ժողովական հայրերը անհրաժեշտ են համարել ընդառաջել պաշտոնագրում տեղ գտած նկատառումներին՝ հանուն ապագայում պատրիարքի ընտրությունների բարվոք ընթացքի:
4. Ժողովական հայրերը շեշտել են նաև պատրիարքի ընտրությունը պատեհ ժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը։
Պատրիարքարանից համայնքին կոչ է արվել համայնքի ներսում խաղաղությունը գերադասել անձնական նպատակներից, հեռու մնալ համայնքի փխրուն խաղաղությունը վիրավորող և պառակտող նախաձեռնություններից ու արտահայտություններից: