Շիրակի մարզպետարանի աշխատակիցները կրակել են…
Պետական պաշտոնյանները գրասենյակներից դուրս ու զենքը ձեռքին: Նման իրավիճակ դժվար է պատկերացնել, բայց այսօր Գյումրիի թիվ 23 դպրոցի հրաձգարանում անցկացվեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումների Շիրակի մարզի ընտրական փուլը, որին մասնակցեցին Շիրակի մարզպետարանի աշխատակիցները: Կանայք և տղամարդիկ կրակեցին՝ փորձելով իրենց ընդունակությունները:
«Այս մարզաձևում կարևորը տեսողությունն ու ձեռքի անշարժ պահելն է, հավասարակշռությունը պահպանելը, իսկ ես չկարողացա ձեռքս ամուր պահել»,- նշեց ՇՄ հասարակայության հետ կապերի ու տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:
«Ես լավ որսորդ եմ, թեև սիրում եմ կրակել կանոնավորված թիրախներին, քան կենդանիներին: Հրաձգությունը կարևոր է, զենքի հետ վարվելու կանոնները իմանալն ու կողնորոշվելը շատ կարևոր է», ասաց ՇՄ առողջապահության բաժնի պետը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի–սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը մրցումները կնպաստեն հրաձգության նկատմամբ հետաքրքրության, մարզաձևի մասսայականացման, զենքի ճիշտ օգտագործման և դրա հետ ճիշտ վարվելու և արագ կողմնորոշվելու ունակությունների բարձրացմանը:
Մրցումների արդյունքում ձևավորվեց մարզպետարանի թիմը` բաղկացած 3 տղամարդուց և 3 կնոջից, ովքեր ամսվա վերջում մասնակցելու են հանրապետական մրցումներին:
Ի դեպ, հրաձգության հանրապետական մրցումները անցկացվում են երկրորդ անգամ, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների աշխատակիցների միջև, նախորդ տարի կայացած մրցումների ժամանակ 40 թիմերի մեջ Շիրակի մարզպետարանը ընդգրկվել է լավագույն տասնյակում, իսկ մարզպետարանների թիմերի մեջ զբաղեցրել է առաջին տեղը: