Խմբագրին և նրա երեխային սպառնացող Հայկը ՊՆ սպա է, դիպուկահար
Օրեր առաջ «Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքներ էին հնչել: Ինչի կապակցությամբ Մարիաննա Գրիգորյանը դիմել էր ոստիկանությանը: Նշենք, որ Հայկ Բերման Օհանյան անունով գրանցված օգտատերը հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետեւյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»:
Մարիաննա Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան՝ մեկնաբանողը ասել է , որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: 2015 թվականի հունվարին երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին:
Հաջորդիվ սպառնալից նամակներ են ուղարկվել անձնական նամակագրությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ Մարիաննա Գրիգորյանի և նրա երեխայի հասցեին նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանը պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:
Henaran.am-ը փորձեց ոստիկանությունից ճշտել մանրամասները: Սակայն մեզ հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն և ավելի ուշ ոստիկանությունը կներկայացնի պարզածը: