Չարաշահումնե՞ր Շիրակի պետական համալսարանում
Շիրակի պետական համալսարանում չարաշահումների մասին սկսեցին բարձրաձայնել պատմության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհանես Խորիկյանն ու դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, նրանք բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` հայտարարելով, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը, ֆինանսկան չարաշահումներից սկսած մինչև ուսումնական պլանների կրճատում, թերի ուսուցում ու անհարկի գումարների ծախս: Սրան արձագանքեցին լրագրողները, ինչպես նաև ուսանողները իրենց դասադուլով: ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, այցելեց Գյումրի, հանդիպեց բուհի անձնակազմին, մի քանի օր անց նախարարության հանձնախումբը բուհում կատարեց ուսումնասիրություններ: Շիրակի մարզի դատախազությունն էլ իր ուսումնասիրությունները սկսեց, բայց թե անցնող 5 ամիսների ընթացքում ինչ է բացահայտվել կամ քողարկվել հանրությունից, դեռևս անհայտ է:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչ է բացահայտել դատախազությունը, հայտնաբերվե՞լ են արդյոք չարաշահումներ, գտնվել է հանցակազմը: Կ.Գաբրիելյանը վստահեցրեց, «Այս պահին, եթե հանցակազմ լիներ, մենք համապատասխան ընթացք կտայինք, բայց ուսումնասիրությունը շարունակվում է, բազմաթիվ հարցումներ ենք կատարել պատկան մարմիններին, որոշ պատասխաններ ստացել ենք, մի մասինը` ոչ, նաեւ ստացել ենք պատասխաններ, որոնցով լրացուցիչ հարցում ենք ուղարկել, վերջնական արդյունքներն ունենալու դեպքում դուք կիմանաք»: Իսկ այն հարցին, թե արդյոք չեն համագործակցում ԿԳՆ-ի հետ, որ գործի ընթացքը արագանա ու ի վերջո պարզվի գոնե որոշ տվյալներ: Կարեն Գաբրիելյանն ընդգծեց, որ դատախազությունը չի կոծկում այս գործը: Մի քանի օր առաջ ստացել են կրթության եւ գիտության նախարարության ուսումնասիրության արդյունքները, որոնք եւս ուսումնասիրման փուլում է:
«Շիրակի մարզի դատախազությունը, եւ առհասարակ հանրապետության բոլոր դատախազության աշխատակցիները, որեւէ հանցագործություն չեն կոծկում, բացառվում է նման բան»,-ասաց դատախազը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք չի ձգձգվում ուսումնասիրությունները Շիրակի պետական համալսարանում, Կարեն Գաբրիելյանը պատասխանեց. «Ձեզ հուզող հարցերի պատասխանները ես կտամ նշված հարցումների պատասխանները եւ ուսումնասիրության արդյունքները ընդհանուր ստանալուց հետո` դրանք հետազոտելու արդյունքում: Ես ձեզ վստահեցնում եմ, կկատարվի բազմածավալ աշխատանք, արդյունքների մասին դուք կիմանաք»:
Բողոքից 5 ամիս անց էլ այս գործով շատ բան անհայտ է: ԿԳՆ-ն ուսումնասիրում է ու արդյունքների մասին լռում, իսկ դատախազությունն էլ սկսել է երկարաժամկետ ուսումնասիրություն: