Ունքը բուժելու տեղը աչքն էլ չհանենք. պատգամավորի մտահոգությունը
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ դեռ նախորդ տարի «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման հետևանքով աշխատավարձ չստացած քաղաքացիների հարցով դիմել է վարչապետին: Պատասպան է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից, որ միայն սնանկացման գործընթացների շրջանակներում կարող է լուծվել այդ հարցը: Ըստ նրա՝ սնանկացման կառավարիչը դատական հայտեր է հարուցել մի քանի հարյուր ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք ժամանակին նախկին «Աշտարակ կաթի» հետ աշխատել են, և առաքիչներն էլ արձանագրում են, որ նրանցից գումարներ են ստացել, մուտքագրել, սակայն այդ գումարները չկան:
«Ունքը սարքելու տեղ աչքն էլ դուրս կգա, հնարավոր է, որ այսպես լինի ընկերության շուրջ ստեղծված իրավիճակից»,-ենթադրում է պատգամավորը:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ սնանկության կառավարիչը գործում է մասնագիտացված կազմակերպության ներքո, վերահսկվում է դատարանով, ենթարկվում է օրենքին, և եթե դիմել է դատարան, ունեցել է հիմք: «Յուրաքանչյուր նման հարցին կարելի է անդրադարձ կատարել միայն դատական գործընթացում»,-պարզաբանեց նախարարը:
Փաշինյանն իր հերթին հավելեց, որ տվյալ դեպքում կարևոր է խնդրի վրա հրավիրել կառավարության ուշադրությունը: Նախարարը խոստացավ ուշադրություն դարձնել այս գործընթացին: