«Սասնա ծռեր»-ի անդամի վիճակը ծանր է. հրատապ օգնություն է պետք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը:
Դատարանը գտնվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում:
Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի 3 անդամների համար այսօր «Շտապ օգնության» բրիգադ հրավիրվեց:
Ընդմիջումից հետո դատավոր Արթուր Օհանյանը հայտնեց , որ բժիշկները մի շարք խնդիրներ են արձանագրել նրանց մոտ, իսկ Արամ Հակոբյանի վիճակն այնքան վատ է, որ ուղեկցող ոստիկանները նրան նիստերի դահլիճ չեն բերել:
Արամ Հակոբյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը դիմելով դատավորին նշեց, որ բժիշկները հայտնել են` Արամ Հակոբյանը սրտի անոթների ստենտավորման կարիք ունի, եւ խնդիրը շտապ է:
«Դատարանին միջնորդում եմ դիմել քրեակատարողական հիմնարկին, որպեսզի Հակոբյանն այնտեղից տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, պատշաճ զննություն անցնի եւ համապատասխան բժշկական միջամտությունների ենթարկվի»,-ընդգծեց պաշտպանը:
Դատավոր Արթուր Օհանյանը որոշեց նիստը հետաձգել : Նա կողմերին տեղեկացրեց, որ այս գործով նիստերն այսուհետ կկայանան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք համայնքների նստավայրում: