26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անձնական ծաղրածուի կարգավիճակ. Ժամանակ

Այսօր շատ հապճեպ հրավիրված ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ներման մասին օրենքի նախագծին, և այն մտավ ԱԺ օրակարգ: Առաջիկայում այն կքննարկվի և կընդունվի, քանի որ ՀՀԿ-ականները կողմ կքվեարկեն այս նախագծին, որքան էլ որ այն վիճահարույց լինի:

Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ-ական խմբակցությունը ճգնում է բոլոր հնարավոր միջոցներով հասնել նրան, որ մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը, նրա այսօրվա լիազորությունները ամբողջովին փոխանցվեն վարչապետին, որպեսզի վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում նա իրեն զգա այն նույն իրավունքներով և լիազորություններով, որոնք ունի որպես նախագահ: Եվ ոչ մի կապ չունի, որ օրենքների նման փոփոխությունները շատ դեպքերում առաջացնում են իրավական հակասություններ, և անհեթեթ վիճակի մեջ են դնում ինչպես օրենքի նախագիծը ներկայացնողներին, այնպես էլ այն հաստատողներին: Այդպիսի իրավիճակ է ստեղծվել Ներման մասին օրենքի նախագծի դեպքում:

Սահմանադրության նոր տարբերակում ներման իրավունքը թողնված է նախագահին, բայց օրենքը այնպես են գրել, որ փաստացի ներման իրավունքը անցնում է վարչապետին: Մենք արդեն գրել ենք, որ կառավարության կողմից ԱԺ ներկայացված Ներման մասին օրենքում դատապարտյալներին ներում շնորհելու իրական իրավունքը թողնված է վարչապետին: Վարչապետն է որոշում՝ բավարարե՞լ դատապարտյալի դիմումը, թե՞ մերժել, և ըստ դրա՝ նախապատրաստում նախագահի հրամանագիրը, նախագահն էլ կարող է համաձայնվել վարչապետի հետ և ստորագրել հրամանագիրը, կարող է չհամաձայնվել և դիմել Սահմանադրական դատարան:

 

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ևս հակասահմանադրական է համարում օրենքի նման ձևակերպումը և հարցնում է. «Այդ ինչպես է ստացվում, որ վարչապետն է միջնորդող անձը, որպեսզի նախագահը ներում շնորհի, մինչդեռ Սահմանադրության 135-րդ հոդվածը հստակ արձանագրում է, որ հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը»: Մարուքյանը ասում է, որ մյուս բոլոր դեպքերում, երբ հանրապետության նախագահը, վարչապետի միջնորդությամբ կամ առաջարկությամբ ինչ-որ բան է անում, Սահմանադրության մեջ նշված են: «Սա նախագահի ձեռքից այդ իրավունքը վերցնելու նախագիծ է: Ես գտնում եմ, որ նախագահը ինքը պետք է քննարկի ներման դիմումը և ներում շնորհի, և ոչ թե վարչապետը քննարկի և ներկայացնի նախագահին ներման հրամանագրի նախագիծը: Սա Սահմանադրությանը հակասող նախագիծ է,- արձանագրում է Մարուքյանը: Հարցը հանձնաժողովում ներկայացնող արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հղում է կատարում Սահմանադրության 139 հոդվածին, ըստ որի՝ «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Քրմոյանը ասում է, որ այս հոդվածում նշվում է միջնորդությամբ դիմող մարմնի մասին, և իրենք օրենքում սահմանել են, որ դա վարչապետն է: Այս մեկնաբանությունը շատ վիճելի է, որովհետև հոդվածում ասվում է միջնորդության և ոչ թե նախագահի փոխարեն հրամանագիր պատրաստելու մասին: Բացի այդ, նախագահը զրկված է դատապարտյալի միջնորդությունը քննարկելու իրավունքից, նա կարող է քննարկել միայն վարչապետի միջնորդությունը, իսկ սա արդեն նրա իրավունքի ակնհայտ սահմանափակում է:

Բայց կա մի այլ հակասահմանադրական և անօրինական վիճակ, որի մասին երեկ խոսեցին պատգամավորները: Խոսքը նախագահի կողմից ՍԴ դիմելու մասին է: Երբ վարչապետը ներման հրամանագիր է պատրաստում և ներկայացնում նախագահին և նախագահը համաձայն չէ դրա հետ, նա կարող է դիմել Սահմանադրական դատարան: Պատգամավորները հարցնում էին, թե այդ դեպքում ինչն է վիճարկում նախագահը, չլինի թե իր իսկ հրամանագրի նախագծի օրինականությունը: Արդարադատության փոխնախարար Քրմոյանի այս հարցի պատասխանը կարելի է անվանել տաֆտալոգիա կամ նույնաբանություն, որտեղ չկա որևէ իմաստ. «Մենք քննարկել ենք Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Նախ՝ առաջին հերթին Սահմանադրությունը այդ հարաբերությունները կարգավորում է, մենք չենք կարող այլ կարգավորում նախատեսել: Սահմանադրական այս օրենքի կարգավորումը, մեր կարծիքով, այս օրենքի կարգավորման առարկան չէ: Սահմանադրական դատարանը պետք է քննի այդ օրենքի սահմանադրականությունը կամ համապատասխան ակտի սահմանադրականությունը: Որ ուզենայինք ուրիշ ձևակերպում էլ տայինք, չէինք կարող»: Չնայած այս ամբողջ խառնաշփոթին, կարելի է մի քանի բան հասկանալ: Քրմոյանն ասում է, որ իրենք պարտադրված են եղել նման օրենք գրել, որովհետև Սահմանադրության ձևակերպումները իրենց այլ հնարավորություն չեն տալիս, իրենք հասկանում են, որ փակուղային իրավիճակ է, բայց թող նախագահը դրա մասին մտածի և դիմի ՍԴ՝ վիճարկելով այս օրենքի հակասահմանադրականությունը: Նախագահը կարող է նաև ամեն անգամ ՍԴ դիմել և վիճարկել վարչապետի պատրաստած հրամանգրերի նախագծերը, դրանով անհեթեթ իրավիճակի մեջ դնելով և՛ իրեն, և՛ Հայաստանի իրավական համակարգը ընդհանրապես:

Պատկերացնում եք չէ, նախագահը դիմում է ՍԴ և ասում է, որ վարչապետը պատրաստել է նախագահի հրամանագրի նախագիծ, բայց ինքը այդ նախագիծը համարում է հակասահմանադրական: Սահմանադրական դատարանն էլ շատ լուրջ քննարկում է հարցը, և ասում է, որ հրամանագիրը հակասահմանադրական չէ: Ինչպես կարող է ներման հրամանագիրը սահմանադրական կամ ոչ սահմանադրական լինել, եթե դրա իմաստը դատապարտյալի նկատմամբ մարդասիրության դրսևումն է նախագահի կողմից:

«Ես նախագահի ինստիտուտը նսեմացնելու միտում եմ տեսնում»,- ասում է Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թավմասյանը հակադարձում է նրան. «Հանրապետության նախագահը ներման հարցում ունի վճռորոշ դերակատարում»: Իսկապես կարող էին չէ գրել, որ նախագահը վարչապետին է հանձնում ներման հրամանագիրը ստորագրելու համար նախատեսված գրիչը, կամ վարչապետի հրամանագիրը ստորագրելուց հետո կարող է նա առաջինը ընթերցել հրամանագիրը:

Ավելորդ է անգամ ասել, որ այս նախագիծը դրական եզրակացություն ստացավ, և դրան դեմ քվեարկեցին միայն «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ