Թալանում են բյուջեն. բաց նամակ
Հարգելի հայրենակիցներ, ես իմ նախորդ բաց նամակով հայտնել էի Մեղրաձորի համայքնի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի կատարած բազում հանցանքների մասին, որը տեղ գտավ մի շարք լրատվամիջոցներում: Նախորդ նամակում գրել էի, որ Մեղրաձոր համայնքի ղեկավարը կատարել է բազում չարաշահումներ, որոնց հետևանքով ապօրինի հարստացել է, սակայն իրավապահները շարունակում են լռել:
Հիմա անդրադառնում եմ կոնկրետ մի հանցագործության մասին, որի փաստերն ու ապացույցները կան, սակայն ոչ մեկ չի ցանկանում այս հանցագործությունը բացահայտել: Կառլեն Հովհաննիսյանը նախկին ոստիկան է, և ես վստահ եմ, որ հանցանքները կոծկվում են հենց այդ պատճառով:
Սույն դիմումս հասցեագրում եմ նաև ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմին, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազությանն ու իրավապահ այլ մարմիններին:
Ներկայացնում եմ Կառլեն Հովհաննիսյանի կատարած մեկ հանցանքի մասին, որը հնարավոր չէ չբացահայտել: Այսպես: Մեղրաձոր համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը 2014-2016 թվականներին իր եղբոր որդուն՝ Մարտին Հովհաննիսյանին գրանցել է համայնքի ղեկավարի վարորդ, սակայն այդ ընթացքում, Մարտին Հովհաննիսյանը ոչ միայն ոչ մի օր չի կատարել իր աշխատանքը, այլ նաև տվյալ ժամանակահատվածում բացակայել է ՀՀ-ից, իսկ աշխատավարձը իր փոխարեն ստացել է հենց ինքը՝ Կառլեն Հովհաննիսյանը:
Մեր հասարակությունը նման դեպքերի շատ է ականատես եղել: Դեռ թարմ են հիշողությունները, երբ Սոցիալական ապահովության ծառայությունը, ծառայության ղեկավար Խաչիկյանի ձեռամբ մահացած անձանց անունից թոշակներ էր դուրս գրում և յուրացնում բյուջեի փողերը: Հիշում ենք ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Մարտիրոսյանի դեպքը, երբ վերջինս մի շարք աշխատակիցներ էր գրանցել, սակայն աշխատակիցները աշխատանքի չեն գնացել, իսկ գումարները յուրացրել էր ինքը՝ Մարտիրոսյանը: Հիշում ենք Երևանի Կենտրոն համայնքի աղբահանության անվան տակ յուրացված գումարները, երբ մարդիկ գրանցվել էին որպես աղբահանություն կատարողներ, սակայն չեն գնացել աշխատանքի, իսկ գումարները յուրացրել էր ՍՊԸ-ի տնօրենը:
Ստացվում է, որ Կառլեն Հովհաննիսյանը ավելի ուժեղ կերպար է, ավելի շատ հովանավորչություն ունի իշխանությունների մոտ, քան բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնց անունները տվեցի, և որոնք արդեն դատապարտվել են:
Հարգելի դատախազություն, հարգելի ԱԱԾ, հարգելի ՀՀ Նախագահ, փաստեր կան, Մեղրաձոր համայնքում գրանցված վարորդը, 2 տարի պետբյուջեից գումարներ է ստացել, բայց չի աշխատել, գտնվել է ՌԴ ում: Իրավապահների լեզվով ասած, ես ձեզ եմ ներկայացնում սույն գործի ամբողջ ապացուցողական բազան, այստեղ ապացուցելու ոչինչ չի մնում: Այսօր նույնպես, մեր համայքնում կա գրանցված վարորդ, որը երբեք էլի աշխատանքի չի գնում: Իրավապահները կարող են 10 օր հետևեն և տեսնեն, որ Կառլեն Հովհաննիսյանն ինքն է վարում իր մեքենան, սակայն գրանցված վարորդը ստանում է աշխատավարձ: Թե ամեն ամիս այդ ո՞ր վարորդն է ստանում այդ գումարը, կարող են պարզել իրավապահները:
Հարգելի հայրենակիցներ, մեր երկիրը երկիր կդառնա այն ժամանակ, երբ Հայաստանում արդարադատությունը չլինի ընտրողաբար: Իսկ քանի դեռ իրավապահները ատամներով պաշտպանում են նախկին ոստիկան, իսկ այժմ թալանչի գյուղապետին, ամեն ինչ սուտ խոսքեր են, խոսքեր են, որոնք ասվում են ժամանակ շահելու համար:
Շարունակելի…
Գուրգեն Գալստյան
Մեղրաձոր գյուղի բնակիչ